Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի արժեզրկումից սնանկության շեմին կանգնած ադրբեջանական բանկերը հերթ են կանգնել արտասահմանից պարտք վերցնելու համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Global Capital-ը' հղում կատարելով ադրբեջանցի բանկիրներին:

 

Նշվում է, որ ներկայում Ադրբեջանի մի քանի բանկեր պարտք վերցնելու համար բանակցություններ են վարում արտասահմանյան խոշոր վարկատուների հետ:

 

Այդ բանկերից մեկն էլ Ադրբեջանի միջազգային բանկն է: Global Capital-ը հայտնում է, որ հիշյալ բանկն անցյալ տարի միջազգային վարկատուներից մեկ տարի ժամկետով 160 մլն դոլար վարկ էր վերցրել, եւ այդ ժամկետը լրանում է ապրիլին:

 

Միջբանկային վարկային գործարքներում Ադրբեջանի միջազգային բանկի գործընկերներն են Alfa-bank, CitiGroup, JP Morgan, Commerzbank արտասահմանյան բանկերը:

 

Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման պատճառով Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից փետրվարի 21-ին մանաթի կուրսի կտրուկ փոփոխությունից հետո ադրբեջանական ազգային արժույթը դոլարի նկատմամբ 34 տոկոսով էժանացել է: Մանաթի արժեզրկումը մեծ խնդիրներ է առաջացրել այն բանկերի համար, որոնք իրենց ակտիվները պահում էին ազգային արժույթով: Որոշ փորձագետների կարծիքով' մանաթի արժեզրկումը կարող է մի շարք ադրբեջանական բանկերի կանգնեցնել սնանկացման առաջ: