Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» և RVVZ հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը մարտի 5-ին «RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնությունները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Վերոնիկա Զոնաբենդն անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք վերաբերում էին գոյություն ունեցող կրթական համակարգի՝ նոր իրողություններին ու փոփոխվող աշխարհի պահանջներին անհամապատասխանության պատճառներին, խոսել է մոտ ապագայում պահանջարկ վայելող մասնագիտությունների, անհատական և մասնագիտական որակների, ուսուցանման եղանակների, այդ գործընթացում ուսուցչի դերի մասին:

 

 

Նա նոր կրթության հեռանկարները ներկայացրել է UWC Դիլիջան քոլեջի օրինակով, որտեղ միջազգային բակալավրիատի ծրագրով նախաբուհական կրթություն են ստանում 16-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ, ինչպես նաև անդրադարձել է RVVZ հիմնադրամի կրթական այլ նախաձեռնություններին:

 

 

«Աշխարհի բոլոր երկրներում երեխաների մեծ մասը սովորում է այն կրթական համակարգով, որը մշակվել է XVIII դարում՝ ինդուստրիալ հասարակության պահանջների հիման վրա: Ակնհայտ է, որ աշխարհն այս ընթացքում արմատապես փոխվել է: Այդ մասին անգամ տեխնոլոգիաների սրընթաց փոփոխություններն են վկայում, և առաջիկա 20-30 տարվա ընթացքում այդ փոփոխություններն ավելի արագ տեմպերով տեղի կունենան:

 

Ներկայումս պահանջարկ վայելող շատ մասնագիտություններ կմնան անցյալում, դրանց կփոխարինեն նորերը, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք: Կրթությ ունն ընդհանուր առմամբ պետք է ուղղված լինի ոչ թե ստանդարտացմանն ու «միջինացմանը», ինչպես հիմա է, այլ ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու պահպանմանը, նորերի բացահայտմանը»,- նշել է Զոնաբենդը:

 

 

Նրա խոսքով՝ կրթական հաստատությունները պետք է «սնող միջավայր» ստեղծեն, որտեղ ուսանողները կարող են ոչ միայն ակադեմիական գիտելիքներ ստանալ, այլև ընդօրինակել միմյանց եւ ուսուցիչների փորձը, ինչպես նաև հնարավորություն ունենան մշակել և կյանքի կոչել իրենց սեփական նախագծերը: Դրա համար թե' ուսանողական, թե' ուսուցչական կամ դասախոսական կազմն առավելագույնս դիվերսիֆիկացված պետք է լինեն ինչպես ազգային, մշակութային եւ սոցիալ-տնտեսական, այնպես էլ տարիքային հատկանիշների առումով: Ըստ Զոնաբենդի՝ այս սկզբունքն է ընկած RVV Z հիմնադրամի կողմից իրականացվող UWC Դիլիջան քոլեջի, ինչպես նաեւ Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի կրթական մոդելի հիմքում:

 

 

«Իրականացնելով կրթական նախագծեր, ինչպիսին է UWC Դիլիջան քոլեջի ծրագիրը, մենք փորձում ենք կրթական նոր մոտեցումների նախադեպեր ստեղծել, որը, մեր պատկերացմամբ, ավելի շատ է համապատասխանում XXI դարի պահանջներին»,- շեշտել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

 

Նա պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին դասախոսության թեմային, ինչպես նաեւ RVVZ հիմնադրամի կրթական նախաձեռնություններին եւ ծրագրերին:

 

 

RVVZ հիմնադրամը Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան հիմնադրամն է, որը նախագծեր է իրականացնում հիմնականում երեք ՝ միջազգային կրթության, տարածքների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում, Ռուսաստանում եւ հետխորհրդային տարածքում համակարգային բարեգործության՝ որպես գործունեության արդյունավետ հատվածի զարգացման ուղղություններով։ Հիմնադրամի բոլոր նախագծերը փոխկապակցված են: Դա հնարավորություն է ընձեռում սիներգետիկ արդյունք ապահովել եւ հանգեցնում է ներդաշնակ փոխգործակցության։

 

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդյունք կապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատեւումից դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։