«Ինձ զարմանալի էր Դավիթ Հարությունյանի զարմանքը, թե ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հայտարարությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց: Այդ քննադատությունը հնչել է ոչ թե Դ. Հարությունյանի հանդեպ, այլ այն մասին, թե ընդհանրապես Հայաստանում իշխանություններն ինչպես են կազմակերպում ընտրությունները: Այստեղ առնվազն ընտրությունները կազմակերպող մարմիններից պետք է մեկնաբանություններ հնչեին: Մինչդեռ Դ. Հարությունյանը որոշեց, որ ինքը դրա պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելությունը, դիտարկելով ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը, բավականին կոշտ հայտարարություն էր արել: Այնտեղ նշված էր, որ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության և անվստահության մթնոլորտի պատճառով: Որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ հետաքրքրություն և վստահություն չի ցուցաբերում: «Ընտրությունների նկատմամբ հետաքրքրության և վստահության բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում' հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից մեծ ակնկալիք կար, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշել են դա չանել' ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով, ինչը նեղացրել է ընտրության շրջանակը», -ասված է հայտարարության մեջ:

Պատվիրակությունը նաև մտահոգություն է հայտնել, որ ընտրողների ցուցակներում առկա են էական անճշտություններ, և որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայման են: Իսկ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը բավականին կոշտ արձագանքել էր, թե դիտորդները լավ չեն պատկերացրել գոյություն ունեցող իրավիճակը: Մինչդեռ Հ. Իգիթյանը գտնում է, որ Դ. Հարությունյանի պարտականությունը չէր հակադարձել այս զեկույցին ու զեկույցը հրապարակող կառույցին: «Դա սխալ է, և դա ամենևին չի օգնում Դ. Հարությունյանին իրականացնել իր առաքելությունը հենց նույն կազմակերպության մեջ, ում զեկույցը փորձում է քննադատել: Դ. Հարությունյանն ավելի լավ է թող բացատրի, թե ինչպես է ստացվում, որ Վեհաժողովում ՀՀ խոսքն ընդհանրապես չի հարգվում, և Ադրբեջանը ցանկացած բանաձև կարողանում է անցկացնել»,- ասում է Հ. Իգիթյանը:

Բայց չէ՞ որ Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում ՀՀ իշխանությունների կողմից պարտավորված է նաև ներքաղաքական խնդիրներն այնտեղ ներկայացնել իրենց հարմար տեսանկյունից և եվրոպական այդ կառույցում իր կապերի միջոցով կանխել կամ մեղմացնել նման կոշտ հայտարարությունները: «Այն, ինչ վերջին 5 տարում անում են Հայաստանի դիվանագիտական կազմը, պատվիրակությունները մասնավորապես Եվրախորհրդի վեհաժողովում, հենց նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը: Եվրախորհուրդն այն տեղը չէ, որ այդ ձևով փորձեն անցկացնել Հայաստանի շահը: Մեր երկրի շահն այնտեղ այն է, որ Հայաստանը պետք է այդ ընտանիքի մաս կազմի և ինքը պետք է շահագրգռված լինի, որ թե մարդու իրավունքների, թե ընտրությունների հետ կապված՝ ներսում մենք որևէ խնդիր չունենանք»,- եզրափակեց Հ. Իգիթյանը: