Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 6-ին Բաթումում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) բացել Է գործարար համաժողովը, որին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Թուրքիան եւ Ադրբեջանը իսկական բարեկամ պետություններ են Վրաստանի համար, մեր գլխավոր ռազմավարական գործընկերները, եւ մենք միշտ նշում ենք մեր առեւտրատնտեսական եւ բարեկամական հարաբերություններն Էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Ինձ, իսկապես, շատ հաճելի Է, որ այս համաժողովը, որը թվով չորրորդն Է, անցկացվում Է Բաթումում, եւ դա լավ ավանդույթ Է դարձել»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

 

Կառավարության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ համաժողովի շրջանակներում անցկացվելիք բանակցությունները կողմերին հնարավորություն կտան խորացնել առեւտրատնտեսական հարաբերությունները:

 

Համաժողովի ծրագրով նախատեսված են Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիաշվիլիի երկկողմ հանդիպումները Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնակիցների հետ: