Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Հայաստանի տնտեսության մեջ նկատում է նախաճգնաժամային իրավիճակի նշաններ և կանխատեսում, որ տնտեսական աճն այս տարի կարող է լինել 0 տոկոսի շրջակայքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ համաշխարհային տնտեսության մեջ կատարվող զարգացումները Հայաստանում նկատվում են որոշակի ժամանակային լագով, հետևաբար մենք դեռ կարող ենք զգալ որոշակի բացասական ազդեցություններ:
«Իմ կարծիքով' ժամանակային այդ լագը մոտավորապես 3-6 ամիս է: Իհարկե տարբեր ոլորտներում ազդեցությունները կարող են անմիջապես դրսևորվել, ինչպես օրինակ փոխարժեքի ձևավորման ժամանակ, իսկ ավելի խորը տնտեսական զարգացումների համար ժամանակահատված է անհրաժեշտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Խաչատրյանը:
Խոսելով 2015 թվականի համար տնտեսական աճի մասին' Վիլեն Խաչատրյանը հիշեցրեց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլ միջազգային կառուցները կանխատեսել էին անկում' մինչև 0 տոկոս: «Կենտրոնական բանկն էլ իր հաշվետվության մեջ նվազեցրեց տնտեսական աճի կանխատեսումը 4.1 տոկոսից մինչև 2 տոկոսի: Սակայն հաշվի առնելով ռուսաստանյան տնտեսության զարգացումները' կարծում եմ, այնուամենայնիվ, տնտեսական աճը ցածր կլինի 2 տոկոսից և կգտնվի 0 տոկոսի շրջակայքում»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով' նախաճգնաժամային իրավիճակի բոլոր նշանները կան տնտեսութ յան մեջ, որն արտահայտվում է արժութային գործոնով և վարկերի սառեցմամբ: «Երբ վարկերի ծավալների մասին վիճակագրություն լինի, կարելի է եզրակացություն անել, թե տնտեսության ֆինանսավորումը որքանով է դանդաղել»,- հավելեց նա:
ՀՀ Կենտրոնական բանկը 2015թ. համար կանխատեսել է 0,4-2 տոկոս տնտեսական աճ: ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4±1,5 տոկոսային կետի թույլատրելի միջակայքում, իսկ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: