ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Հայաստանի համայնքների միությունը մարտի 10-ին Կանանց տոնի կապակցությամբ «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագրով ընդունելություն էին կազմակերպել: Միջոցառմանը մասնակցեցին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ համայնքների կին ղեկավարները, ՀՀ մարզերի համայնքային ծառայողները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

«Ես հուսով եմ, որ կանայք ավելի ակտիվ կներգրավվեն համայնքի կառավարման համակարգում: Հայաստանի 915 համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք, և ես կարծում եմ, որ մեր համայնքներում կին ղեկավարների թիվը գնալով մեծանա: Ես ցանկանում եմ, որ սկզբնական շրջանում առնվազն 25 տոկոս համայնքները ղեկավարեք դուք' գեղեցիկ սեռի ներկայացուցիչներդ' դրա հետ մեկտեղ պահպանելով ձեր կանացիությունն ու նրբությունը: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ ձեզ շնորհավորել նաև ՀՀ Նախագահի ու վարչապետի անունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 

 

Նա ՀՀ վարչապետի հուշամեդալներ հանձնեց «Համալսարանական կրթությամբ կանանց» ՀԿ ներկայացուցիչ Ջեմմա Հասրաթյանին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանին և Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանին:

 

 

ՀՀ վարչապետի պատվոգրեր ստացան Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը և Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը:

 

 

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Հայաստանի համայնքների միության նախագահի հետ ՏԿԱԻ նախարարության ու Հայաստանի համայնքների միության պատվոգրեր հանձնեց ՀՀ տարբեր մարզերի տարածքային ինքնակառավարման ոլորտում աշխատող տասը կանանց:

 

 

Պարգևատրման արարողությունից հետո ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը զրուցեց ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց հետ՝ քննարկելով համայնքային խնդիրները, համայնքների խոշորացման ծրագրի առավելություններն ու հեռանկարները: