«Իսլամական պետութունը» համացանցում տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է սպանվում իսրայելցի գերին, ով մեղադրվել է լրտեսության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տասը րոպե տևողությամբ տեսանյութում երևում է նարնջագույն հագուստով Մուհամմադ Սայիդ Իսմայիլ Մուսալլամը, նրա իսրայելական անձնագիրը, այնուհետև կադրերում երևում է զինվորական համազգեստով մի երեխա, ով զենքը պահել է մեղադրյալի գլխին: Տեսանյութում երևում է ևս մեկ իսլամիստ, ով խոսում է Ֆրանսիայում իրենց իրականացրած գործողությունների մասին, որից հետո երեխային հորդորում է կրակել:
Լուրեր են շրջանառվում, որ Մուհամմադ Սայիդ Իսմայիլը իսրայելական հատուկ ծառայությունների համար աշխատել է իր հարազատների հրահրումով: Մեկ այլ աբյուրր տեղեկացնում է, որ նա հոկտեմբերին մեկնել է Թուրքիա, այնտեղից էլ Սիրիա և մտել ԻՊ-ի շարքերը: Այդ մասին ծնողները տեղյակ չեն եղել:
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, ԻՊ-ն համացանցում տեղադրել էր հորդանանցի օդաչուի սպանության տեսանյութը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան գերի էր ընկել ահաբեկիչների մոտ դեկտեմբերի 24-ին, երբ ահաբեկիչները Ռակկայում խոցել էին Հորդանանին պատկանող ինքնաթիռը: Օդաչուին ողջ-ողջ այրել էին: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան առաջին օդաչուն է եղել, որ գերի ընկել ահաբեկիչներին: Դեկտեմբերի 30-ին Հորդանանը դադարեցրել էր միջազգային կոալիցիայի հետ ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցությունը: