Մարտի 10-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, նշվեց արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր և դերասանուհի Աննա Պետրոսյանի 80-ամյակը: Այս առթիվ ներկայացվեց նաև «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սվետլանա Հակոբյանի մեկենասությամբ հրատարակված հեղինակի «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակը: Ի դեպ, տիկին Հակոբյանը գեղանկարիչ է, բանաստեղծ և հրապարակագիր, յոթհատորյակի նկարազարդումները պատկանում են նրա վրձնին:
Սվետլանա Հակոբյանի խոսքով՝ գրքաշարը մեր ինքնությունը ճանաչելու խնդիր է լուծում՝ անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր. ով է հայ մարդը, որտեղից է գալիս և ուր է գնում: Սվետլանա Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է գիրքը թարգմանել ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:
«Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակն ընդգրկում է հայկական առասպելները, էպոսները, դարերի խորքից եկող հայ ժողովրդի պատմությունը և հասնում մինչև Արցախյան հաղթանակ:
Թեպետ Աննա Պետրոսյանը հիվանդության պատճառով չէր մասնակցում միջոցառմանը, սակայն իր սրտի խոսքն ուղղեց տոնահանդեսի մասնակիցներին, որը ներկայացրեց համերգավար Սարգիս Նաջարյանը:
Տոնահանդեսի ընթացքում ցուցադրվեց «Աննա Պետրոսյան, ճակատագրին ընդառաջ» տեսաֆիլմը, ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Սասուն» և «Կարին» համույթները:
Տոնահանդեսի պատվավոր հյուր էր յոթհատորյակի բաժանորդագիր՝ Հայաստանի դպրոցների 350 տնօրեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.