Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, թեպետ հունվարի վերջից սկսած այն ավելի կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի խաղաղ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծվի»,- նշել է Ուորլիքը' հավելելով, որ նախագահների հետ ունեցած նախկին հանդիպումների ժամանակ իրենք հորդորել են խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության մեծացմանը:

 

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ուորլիքը վերաբերում բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին էլ ներգրավելու հայկական կողմի առաջարկներին' Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել նաև Արցախի ժողովրդի հետաքրքրությունները: «Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

 

Նա տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են որևէ ընդունելի ժամանակահատվածում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդուհանդերձ, հանդիպման վերաբերյալ Ուորլիքը որևէ հստակ ժամկետներ չի նշել: