Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' մարտի 13-ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո ծառայությունն ու հոգածությունն իրենց նպաստը կբերեն այս դժվարին օրերին ողջ աշխարհում խաղաղության, բարության և հանդուրժողականության հաստատմանը:

 

Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը:

 

Մեծապես ակնկալում ենք, որ մշտապես բարձր մակարդակի երկխոսությամբ աչքի ընկնող մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն իրենց վերընթաց զարգացումն ու ամրապնդումը համագործակցության այն բարի ավանդույթներով, որոնք ձևավորվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ կորով:

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: