Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էր նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պահին միայն մի բան կարող է ասել. կատարվածը հանցագործություն է: «Դատապարտում ենք և պահանջում, որ իշխանությունները շատ կարճ ժամկետում բացահայտեն բոլոր մեղավորներին և պատժեն, ուրիշ ասելիք այս պահին չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Այստեղ էր նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ այս պահին առաջինը ապաքինում է ցանկանում Պարույր Հայրիկյանին: Իսկ հետո ավելացրեց.
«Մի բան պարզ է, որ սա հենց այնպես չի կատարվել ու թիրախն էլ պատահական ընտրված չէ: Լուրջ խնդիր է ստեղծվում մեր պետականության համար: Կարծում եմ, որ ժամանակն է հետևություններ անել, թե ում շահերից է բխում, դրանից հետո ելքը կգտնվի: Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, բայց կարծում եմ սահմանափակումը ներսից չէ, հայաստանյան չէ, հնարավոր է դրսի խոշոր խաղեր լինեն»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հենց Հայրիկյանին, նա նշեց, որ գուցե նրա համար, որ Հայրիկյանը հենց Պարույր Հայրիկյան է: Իսկ հետո Պետրոս Մակեյանը նշեց, որ սա միայն դրսի գործ չէ՝ փոխկապակցված է: