ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին CBS հեռուսաընկերությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Արդյունքում մենք ստիպված կլինենք բանակցություններ վարել: Մենք միշտ ցանկացել ենք դա անել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ բոլորը քաղաքական լուծում են փնտրում:

 

Քերիի խոսքով, ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի ղեկավարին ստիպել բանակցություններ սկսել: Նա նաև նշել է, որ հնարավոր է ջանքեր պահանջվեն տարբեր միջոցներով Ասադի վրա ճնշում գործադրելու համար:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, Քերին հարցազրույցի ժամանակ լռել է այն մասին, որ ԱՄՆ-ը դեմ է կանգնել Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծմանը և մինչ օրս բազմիցս շեշտել է Դամասկոսի կառավարության անօրինական լինելու մասին: Աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կոնգրեսականների հետ քննարկել է 70 միլիոն դոլարի չափով Սիրիայի չափավոր ընդդիմությանը օգնություն տրամադրելու հարցը:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ զենքը, որը ԱՄՆ-ը տրամադրում է Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը, ընկնում է ծայրահեղականների ձեռքը, ինչը բարդացնում է իրավիճակը երկրում:

 

Սիրիայում արդեն 4 տարի շարունակվող պատերազմի զոհ է դարձել ավելի քան 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են իրենց տները: