Սանկտ Պետերբուրգում Հայոց ցեղասպանության 51-րդ տարելիցին նվիրված միջոցառման մասին պատմող հիշողություններն «Արմենպրես»-ին ներկայացրեց միջոցառման կազմակերպիչներից մեկը' Գավառ քաղաքի բնակիչ ճարտարագետ, գյուտարար Մարատ Սինանյանը: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության ինստիտուտը եւ եղել նաեւ նույն քաղաքի «Կռունկ» ակումբի անդամը:

 

 

«Միջոցառումն անցկացվեց 1966 թվականի ապրիլի 24-ին, Չյոռնայա գետի կողքին, Պուշկինի սպանության վայրում կառուցված կինոթատրոնի շենքում: Կազմակերպիչները հնարավոր ամեն բան արել էին, որ միջոցառմանը ներկա գտնվեր Լենինգրադի ողջ հայ հասարակությունը, ճանաչված գիտնականներ ու արվեստագետներ: Դահլիճում հավաքվել էր 180 հանդիսատես: Բոլոր ներկաներին բաժանվել էին «Մայր Հայաստան» խորագրով կրծքանշաններ: Կրծքանշանի հեղինակը ես էի, եւ հիմա էլ առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ դարձնել այդ նկարը: Այս նկարը մեծ դժվարnւթյունների գնով արխիվից հանել եւ արտատպել եմ ֆրանսիական 1915 թվականի մի ամսագրի շապիկից»,-ներկայաքցրեց Մարատ Սինանյանը:

 

 

«Մեր ուսանողները րոպեների ընթացքում կինոթատրոնի բեմը համապատասխանեցրին միջոցառման խորագրին: Զեկուցումներով հանդես եկան Լենինգրադի պետական համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Կամսար Նիկոլայի Գրիգորյանը, Լենինգրադի ակտիվ ուսանողները, այդ թվում՝ գավառցի Գրետա Դաշտոյանը, Լեւոն Քալանթարի թոռնուհի Լիաննան, ով կատարում էր Կոմիտասի ստեղծագործություններից, ներկաների մեջ էր նաեւ ադմիրալ Աղաջանովը»,-շարունակեց Սինանյանը:

 

 

Միջոցառումը մեծ հետաքրքրություն է ներկայացրել, իսկ ոստիկանները միջոցառման ավարտից հետո ձերբակալել են կազմակերպիչներից հինգին, որոնց թվում էր Մարատ Սինանյանը: Նա պատմում է, որ մեկ գիշեր ստիպված են եղել փոքրիկ, ցուրտ, մութ ու խոնավ խցում անցկացնել, որտեղ հազիվ կարողանում էին գետնին հերթով նստել: Հաջորդ օրը, Հայաստան հարցում անելուց հետո, նրանց ստորագրությամբ բաց են թողնում:

 

 

«Կռունկ» ակումբի երիտասարդներով զբաղվում էինք հայագիտության տարածմամբ: Շաբաթ եւ կիրակի օրերին այցելում էինք հայ համայնքի ընտանիքներ եւ երեխաներին հայերեն գրել, կարդալ ու պատմություն սովորեցնում: Իսկ երբ Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազն իմացել էր այս միջոցառման եւ տղաների նախաձեռնությունների մասին, մեր գործերը դրվատեց կարճ, բայց անմոռանալի ու տպավորիչ տողով՝ «Հյուսիսափայլը» հյուսիսում նորովի փայլեց…»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

 

 

Վերջերս թուրքական կառավարության կողմից հնչեցրած «Տարիներով լռելուց հետո են հայերը սկսել «եղեռն» հիշել» միտքը հայերի շրջանում մեծ վրդովմունք է առաջացրել: Վրդովված է նաեւ մեր զրուցակիցը, ով, որպես դեպքերի մասնակից ու վկա, ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության մասին հայերը երբեք ու ոչ մի տեղ չեն լռել:

 

 

Ավելին, նույնիսկ Խորհրդային Միության դրած տաբուի պայմաններում են մարդիկ կարողացել իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ կազմակերպել գիտական սեմինարներ ու տարաբնույթ միջոցառումներ՝ ժամանակի առաջադեմ հասարակու թյունից եւ կառավարող շրջաններից արդարություն, Ցեղասպանության ճանաչում պահանջելով: Նրանք թուրքական կառավարության կողմից կատարած ջարդերի մասին իրազեկ են պահել ԽՍՀՄ-ում ապրող այլ ժողովուրդներին, ովքեր իրավունք չունեին ոչ դպրոցներում եւ ոչ էլ բուհերում դասավանդել Հայոց ցեղասպանության մասին պատմող թեմաները:

 

 

Խոսրով Խլղաթյան