ՀՀ առողջապահության նախարարությունում առաջատար ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ ծառայություններին վերաբերող հարցեր:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նշանակման հիմնավորվածության ապահովման ուղեցույցի» նախագիծը, որը սահմանվում է վերոնշյալ հետազոտությունների կազմակերպման հիմնական սկզբունքները:

 

 

Ուղեցույցում հանգամանալից ներկայացված է ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների տեսակները, ցուցումներն ու հակացուցումները: Անդրադարձ է կատարվել մասնագիտական այլ արդիական հարցերի:

 

 

Ռենտգենաբան-ռադիոլոգները ներկայացրել են ճառագայթային անվտանգության հարցերի շուրջ միջազգային փորձը, օրենսդրական դաշտը, ժամանակակից սարքավորումների հնարավորությունները, գիտական ուսումնասիրություններն ու անվտանգության խնդիրները:

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ոլորտն առաջընթաց է ապրում և ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններն առավել հաճախ են կիրառվում:

 

 

«Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների ժամանակ կարևոր է ոչ միայն հիվանդի, այլ բուժանձնակազմի անվտանգության ապահովումը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը:

 

 

Առաջիկա օրերին նախարարի հրամանով կնշանակվեն ուլտրաձայնային ախտորոշման, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրման, ինչպես նաև ռադիոիզոտոպային հետազոտության ոլորտի գլխավոր մասնագետներ:

 

 

Կստեղծվեն նաև աշխատանքային խմբեր, որոնք, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ կներկայացնեն ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման մեթոդների մասին առաջարկներ, կկատարեն իրավիճակային վերլուծություն, ինչպես նաև կհամալրեն նորմատիվային փաստաթղթերի բազան: