Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունների մակարդակով մի շարք հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմ համագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործնական կապերի ընդլայնման, քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ:

 

 

ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները: Պարոն Քարիմը գոհունակություն է հայտնել կառուցողական մթնոլորտում կատարված աշխատանքներից և նշել, որ դրանց արդյունքները գերազանցել են իր ակնկալիքները:

 

 

ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ստեղծված լավ հիմքի վրա ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել: Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Սաջադ Քարիմը բարձր է գնահատել մեր երկրում քաղաքացիական հասարակության գործունեությունը և խոսքի ազատության մակարդակը:

 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններով և դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը, ինչը վտանգում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը:

 

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ մարտի 12-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: