Ադրբեջանական դիվերսիաների հաճախականությունը մեր բանակի թուլության նշան չէ: «Ադրբեջանական դիվերսիաներից հետո ես շատ եմ լսել «Անփորձ տղաներ էին' այդ պատճառով էլ զոհվել են» կամ «Մենք թույլ էինք, այդ պատճառով զոհեր ենք ունեցել» արտահայտությունները: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ թերագանահատում: Հակառակորդի դիվերսիաների հաճախականությունը և դրանց հետևանքով զոհեր ունենալը մեր բանակի թուլության նշան չեն: Եթե թույլ լինեինք, ապա վերջին դիվերսիայի ժամանակ երեք զոհի փոխարեն կունենայինք երեսուներեք զոհ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ մարտի 23-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Խաչակիրներ» ջոկատի անդամ ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
Նա նշեց, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը միշտ էլ կա: «Մենք գործ ունենք արկածախնդիր և ողջամտությունից զուրկ մի երկրի հետ, որը կարող է ամեն պահի հրահրել պատերազմ. այդ մասին գիտեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ է պատճառը, որ վերը նշված հանգամանքներից ելնելով' Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ խնդրում են դեռևս չշահագործել Ստեփանակերտի օդանավակայանը' անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար»,- շեշտեց Աճեմյանը և հավելեց, որ եթե հակառակորդը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծի,ապա հայկական բանակը մեկ շաբաթում կոչնչացնի ադրբեջանական բանակի 30-50 տոկոսը:
Անդրադառնալով մարտի 22-ին շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հակառակորդի կողմն անցնելու փաստին' Շահեն Աճեմյանն ասաց հետևյալը. «Քանի դեռ չկա պաշտոնական հաղորդագրություն, մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Իմ կարծիքով' այդ անձը նման արարք կարող էր թույլ տալ միայն երկու դեպքում. առաջինը' հոգեկան խնդիրներ ունի, երկրորդը' լրտես էր»,- պարզաբանեց նա: