Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչության ցուցահանդես, որը կազմված է թանգարանի հավաքածուից: Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կտևի մարտի 25-ից ապրիլի 15-ը: Պատկերասրահում պահվող ֆրանսիական վարպետների ավելի քան 800 աշխատանքներից կներկայացվի 45-ը' հատիչային որագրանկարներ, օֆորտներ, մատիտային տեխնիկայով արված փորագրանկարներ:
Դրանք մուտք են գործել թանգարան 1926, 1930-40-ական թվականներին' Լենինգրադի պետական թանգարանային ֆոնդից, Պետական Էրմիտաժից, Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանից' նվիրատվությունների և մասնավոր անձանցից ձեռք բերված աշխատանքների հետ մեկտեղ: Ցուցադրված նմուշները ծանոթացնում են այցելուներին «գալանտ դար» անվամբ հայտնի ռոկոկոյի դարաշրջանի արվեստին' հնարավորություն տալով խորասուզվելու անհոգ զվարճությունների և հաճույքների մթնոլորտը' նրբաճաշակ սալոնային զրույցների, վայելչագեղ սիրախաղի, համերգների, երեկոյան պարահանդեսների և թատրոնի աշխարհը:
Գալանտ ոճը բարձրագույն կատարելությամբ մարմնավորվեց Անտուան Վատտոյի, Ֆրանսուա Բուշեի, Ժան-Օգյուստ Ֆրագոնարի, Կարլ Վան Լոոյի գեղանկարներում, որոնք առավել հաճախ էին վերարտադրում փորագրանկարիչները: Ցուցահանդեսը ներկայացնում է նաև դարաշրջանի հանրաճանաչ այլ վարպետների բնօրինակների վերատպությունները' Ժ.-Բ. Գրյոզի, Ժ.-Բ. Շարդենի, որոնք առօրյա կյանքը մեկնաբանում էին բանաստեղծորեն:
Այցելուները կծանոթանան ռոկոկո ոճի նկարիչների սիրված հովվերգական տեսարաններին, դիցաբանական թեմաներով թերթերին, ժամանակի հռչակավոր դիմանկարիչներ Հ. Ռիգոյի և Ն. Լարժիլիերի գործերից արված փորագրանկարներին, գրքային գրաֆիկային, որն առանձնապես բարձր էին գնահատում ժամանակակիցները: Եվ այդ ամենը' հայտնի փորագրանկարիչների մեկնաբանմամբ, ինչպիսիք էին Ժ. Էդելինկը, Պ. Դրևեն, Ժ. Ժ. Բալշուն, Ն.Ա. Թարդիեն, Բ. Ֆ. Լեպիսիեն, Ժ.-Ֆ. Լեբան, Ժ. Դեմարտոն, Պ.-Ֆ. Շոֆֆարը և այլք: Ցուցադրությունը լրացնում են գեղանկարի և կիրառական արվեստի ստեղծագործությունները: