Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող օտարեկրյա նշանավոր անձանց, պետական գործիչներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին «անցանկալի անձ» հայտարարել եւ նրանց անունները ներառել այսպես կոչված «սեւ ցուցակում»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ադրբեջանը մտադիր է իր այդ ծիծաղելի «սեւ ցուցակն» ընդլայնել մարտի 18-23-ին Երեւանում անցկացված «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա համաժողովին մասնակից 30 լրագրողներին եւս, ովքեր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությունների շրջանակում այցելել են ԼՂՀ:

 

Արտասահմանցի լրագրողները, որոնց թվում են եղել նաեւ ռումինական «Ադեվարուլ» թերթի լրագրող Ելենա Դումիտրին, ռուսաստանյան «Արգումենտը ի ֆակտի» թերթի լրագրող Ալեքսանդր Կոլեսնիչենկոն, «Չեխական ռադիո»-ի հաղորդավար Մոնիկա Խորսակովան, ԼՂՀ կատարած այցի շրջանակում հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության հետ եւ այցելել մի շարք օբյեկտներ:

 

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիզադեն այդ առնչությամբ հայտարարել է, թե նրանց նկատմամբ «համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», ինչից ենթադրելի է, որ ադրբեջանական ԱԳՆ-ի «սեւ ցուցակը» կընդլայնվի եւս 30 արտասահմանցիների անուններով:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» մինչ այժմ արդեն նշված են 350-ից ավելի անձինք, ովքեր, անկախ այն բանից, թե ինչպես է դրան վերաբերում Բաքուն, իրենց ցանկությամբ այցելել են ԼՂՀ: Նրանց մեծամասնությունը հայտարարել է, որ իրենց համար միեւնույն է, թե արտասահմանցիների' ԼՂՀ այցի մասին ինչ են մտածում Բաքվում: