Ծագումով հրեա ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովին պատկանող Mardan Palace հյուրանոցը, որը Թուրքիայի Անթալիա ծովափին համարվում է ամենաշքեղը, պարտքերի պատճառով խլել են տիրոջից եւ վաճառքի հանել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «եղբայրական» Թուրքիայում կատարված իրադարձությունը ցնցել է Թ. Իսմայիլովին, քանի որ այդ հյուրանոցը նա համարում էր իր կյանքի գլխավոր նախագիծը:

 

 

Հոր անունով' Mardan Palace կոչած հյուրանոցի շինարարության վրա Թ. Իսմայիլովը ոչ պաշտոնական տվյալներով 1,4 մլրդ դոլար է ծախսել, իսկ Անթալիայի քաղաքապետարանն այն հունիսի 3-ին աճուրդի է հանել 325 մլն թուրքական լիրա (մոտ 160 մլն դոլար) նախնական գնով: Անշարժ գույքի վաճառքը կազմակերպած թուրքական icralik.com կայքի վարչական խորհրդի ղեկավար Էմրահ Օզորալը հայտնել է, որ հյուրանոցի ներկայիս շուկայական գինը 650 մլն թուրքական լիրա է:

 

 

Նշվում է, որ հյուրանոցը աճուրդի է հանվում միլիարդատիրոջ մեծ պարտքերի պատճառով: Հայտնի է դարձել, որ հյուրանոցի շինարարության համար առանձնացված տարածքի փաստաթղթերը թերի են: Թ. Իսմայիլովը չի կարողացել վերադարձնել հյուրանոցի շինարարության համար թուրքական բանկերից վերցրած վարկերը: Նրա մոտ մեծ պարտքեր են առաջացել նաեւ հողի օգտագործումից Անթալիայի քաղաքապետարանին չվճարած հարկերի պատճառով: Բացի այդ, Թ. Իսմայլիովը մեծ պարտքեր ունի վճարելու նաեւ ռուսաստանյան բանկերին եւ գործարարներին:

 

 

2009 թվականին շահագործման հանձնված Mardan Palace հյուրանոցը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից է: Նրա շինարարության ժամանակ մեծ քանակությամբ ոսկի, Սվարովսկի քարեր, բյուրեղապակի եւ իտալական մարմար է օգտագործվել: Լողափի համար ավազը հատուկ բերվել է Եգիպտոսից: Հյուրանոցի բացմանը հրավիրվել են մեծ թվով քաղաքական գործիչներ եւ աշխարհահռչակ աստղեր:

 

 

Հիմնականում Ռուսաստանում աշխատած փողերը Թուրքիայում ներդնելու պատճառով այդ հյուրանոցի շքեղ բացումը խիստ զայրացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: