Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին նախատեսվում է քննարկում անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին նախաձեռնությունը շատ է կարեւորում' շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանում կա պատգամավորների մի ստված զանգված, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է:

 

«Տարեցտարի Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին հասարակական գիտակցությունը աճում է: Լրատվամիջոցներն առավել մեծ ուշադրություն են դարձնում այդ հարցին, եւ հասարակական ճնշումը նկատելի է: Միաժամանակ' չկա որեւէ պատգամավոր, ինչպես օրինակ Ֆրանսիայում, ով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կներկայացնի Բունդեսթագի քննարկմանը: Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին նախատեսվելիք քննարկմանը, ապա այն կլինի շատ բուռն, եւ հավանականությունը, որ այնտեղ որեւէ հայտարարություն կլինի' 50/50 է»,- ասաց Հայրունին:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' Հայրունին ասաց, որ Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կատարմանը: «Այս առնչությամբ Հայաստանը պետք է Հայոց ցեղասպանության ռազմավարութուն մշակի եւ Գերմանիային անընդհատ հիշեցնի, որ բանաձեւի ընդունումից անցել է 10 տարի, սակայն բանաձեւի ոչ մի դրույթ այդպես էլ իրականություն չի դարձել: Հայկական կողմն այդ բանաձեւը պետք է ընդունի որպես հիմք' աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի Գերման իայում Հայոց ցեղասպանության հարցը լիարժեք ճանաչում ստանա»,- ասաց Հայրունին:

 

2005թ. հունիսի 15-ին, առանց նախնական քննարկումների, Գերմանիայի Բունդեսթագը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։