Երևանը հուլիսին մի քանի օրով դառնալու է համաշխարհային համբավ ունեցող ցեղասպանագետների հավաքատեղի: Գիտական աշխարհի ավելի քան 300 ներկայացուցիչներ տարբեր մայրցամաքներից մեկտեղվելու են երկու տարին մեկ անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովին: «Արմենպրես»-ը ներկայացնո ւմ է բացառիկ հարցազրույց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (IAGS) նախագահ Դանիել Ֆերշտեյնի հետ:
-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Երևանում կայանալիք Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովից:
-Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախորդ բոլոր համաժողովները հիմնականում հենվում էին ընկերակցության անդամների ուսումնասիրությունների բազմազան թեմաների վրա: Սակայն այս տարվա համաժողովը կունենա Իթթիհատականների (Երիտթուրքերի) կողմից հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների 100-րդ տարելիցին ուղղված շեշտադրում: 1994 թվականին, երբ հիմնվեց IAGS-ը, կազմակերպության հիմնական նպատակն էր կոտրել այդ պահին գիտնականների շարքերում գոյություն ունեցող նացիստների կողմից իրականացված ցեղասպանության եզակիության վերաբերյալ կարծ րատիպը: Այսպիսով, IAGS-ի անդամ ցեղասպանագետները համոզված են, որ ցեղասպանագիտությունը սկիզբ է առնում համեմատության մեջ և IAGS-ի կողմից առաջին ընդունած բանաձևերը նվիրված էին հայերի, ասորիների և հույների բնաջնջումներին: Հայտարարվում էր, որ դրանք ցեղասպանություններ էին:
-Ինչպե՞ս և ինչո՞ւ կայացվեց գալիք կոնֆերանսի վայրը Հայաստանն ընտրելու որոշումը:
-IAGS-ը հաջորդ համաժողովի վերաբերյալ դիմումները հիմնականում սկսում է ընդունել դրան նախորդող մի քանի տարի առաջ: Որպես կանոն, մենք ստանում ենք բավականին լավ առաջարկներ: Նույնը վերաբերվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկին, որն իրավունք ստացավ հյուրընկալելու 2015 թ. համաժողովը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում գտնվելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ կոմիտեն չհապաղեց կայացնելու այդ որոշումը: Մյուս կողմից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել և ներկայացրել էր շատ լավ ծրագիր-առաջարկ երեւանյա ն գիտաժողովի վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, դառնալու է IAGS-ի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկը:
-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոճրագործությունից 100 տարի անց այն դեռ չի արժանացել լիարժեք գնահատականի միջազգային հանրության կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դեպքերը կրկնվեն:
-Կարծում եմ, որ ամենակարևոր գործոնը պետք է լինի ցեղասպանության մասին տեղեկության տարածումն աշխարհի տարբեր երկրների շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի բնակչության տարբեր շերտերի համար այդ տեղեկությունը լինի հասանելի: Այդ թվում և Թուրքիայում, սփյուռքում, ամենուրեք: Խորապես համոզված եմ, որ վերջին տասնամյակների ընթացքում նմանատիպ քաղաքականությունը հաջողություն ունեցավ Թուրքիայում, անկախ տեղի իշխանությունների դիմադրությանից:
Երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը 70 տարիների ընթացքում շարունակաբար ժխտվում էր, սակայն վերջին տասնամյակների ընթացքում համարյա ամբողջ աշխարհին պարզ դարձավ տեղի ունեցածը՝ անկախ ներկա թուրքական կառավարություն շարունակական ժխտումից և իր տարբեր լծակների գործածումից ցեղասպանության փաստի ընդունման դեմ: Այնուամենայնիվ, շատ մարդիկ, Թուրքիայի սահմաններից ներս և դուրս, լավ տեղյակ են Օսմանյան հասարակության մեջ 1915-1917 և դրանց հաջորդող տարիներին տեղի ունեցածի մասին:
Անձամբ չեմ հավատում ցեղասպանության քաղաքական ընդունմանը բազմազան միջազգային մարմինների կողմից, սակայն շատ կարևոր է խորը և առավել արդյունավետ աշխատել հասարակության տարբեր խավերի հետ՝ դպրոցների, համալսարանների, տարբեր երկրների փողոցներում:
-Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերին և այլ քրիստոնյա ազգերին կոտորում էին իրենց ազգային պատկանելության և հավատքի համար, այնուհետև հրեաներին, և այսօր Իրաքում ոչնչացման նշանառության տակ են եզդիները և քրիստոնյաները: Ինչպե՞ս կգնահատեք համաշխարհային հանրության և համաշխարհային գերտերությունների քայլերը՝ կանխելու այդ նոր ցեղասպանությունը:
-Վերջին հարյուրամյակում տարբեր ազգություններ, ինչպես նաև եզդիներն այսօր, աշխարհաքաղաքական խաղերի և երբեմն ուղղակի կամ անուղղակի կերպով գերտերությունների տարբեր տեսակի միջամտությունների զոհ են դառնում, երբ անտեսվում է համարյա ամեն ինչ: ԻԼԻՊ-ն իսլամական աշխարհի միակ արդյունքը չէ, ինչպես նաև ալ-Քաիդան կամ այլ կազմակերպություններ, որոնք ստեղծված էին «գերտերությունների» հատուկ ծառայությունների կողմից՝ տապալելու կամ ապակենտրոնացնելու համար իսլամական կառավարությունները (նմանը տեղի է ունեցել անցյալում Իրաքում և Աֆղանստանում, այ սօր Բանգլադեշում):
«Թշնամիների» դեմ ավելի ու ավելի «ռազմական միջամտություն» պահանջելու փոխարեն, իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը պետք է ավելի հարգալից և աջակից լինի յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Ի դեպ, օրեցօր թշնամու կերպարները փոփոխվում են՝ այսօրվա հերոսները երեկ սատանաներ էին, և ամիսներ հետո ոչ ոք չի հիշում թե լրատվամիջոցները ինչ էին գրում դրանց մասին մեկ տարի առաջ:
Այսօր իսլամական աշխարհի ամենաապակայունացված վայրերն են ՄԱԿ-ի կամ այլ «գերտերությունների» օտարերկրյա ռազմական ներ թափանցման զոհ դարձած Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան կամ երկրներ, որտեղ օտարերկրյա ներխուժումը արտահայտվում է տեղի տարատեսակ ռազմական խմբավորումների աջակցությամբ՝ փորձելով ազդել քաղաքացիական պատերազմի ընթացքին (օրինակ՝ Սիրիայի դեպքում): Այսպիսով, նմանատիպ միջոցառումները միտված չեն խաղաղ բնակչության իրավիճակը լավացնելուն: Ընդակառակը՝ այդ դեպքերում զոհված խաղաղ բնակչության թիվը աճում է 3, 5-6 անգամ:
Հստակ է, որ իրականությունը շատ ավելի խճճված է, քան արհեստական և բանալ պատկերները, որոնք ներկայացվում են միջազգային ԶԼՄ-ներում, այդ իսկ պատճառով ռումբեր նետելուց և ռազմական ուժ ուղարկելուց առաջ մենք պետք է ավելի խորը և զգուշությամբ վերլուծենք իրականությունը: XX դարի գերտերությունները հանդիսացել են «գերսպանողներ», հատկապես ինձ նման հարավային ժողովրդները (ես արգենտինացի եմ) հույս չունեն, որ նրանք կպաշտպանեն աշխարհը նոր ցեղասպանություններից: Այդ առումով, մենք՝ ցեղասպանություններից տուժածներս, հավանաբար պետք է համախմբվենք, ստեղծենք փոքր, սակայն արդյունավետ խումբ, որը կխնդրի գերտերություններին դադարեցնել մեր տարածաշրջաններ զինամթերք ուղարկելը:
Հարցազրույցը' Անահիտ Մինասյանի