Երևի չկա մի երևանցի, ով գոնե մեկ անգամ փողոցում չի հանդիպել ԱՄՆ-ից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված Լևոն Աբգարյանին: Հաճախ նրան կարող եք տեսնել Երևանի կենտրոնում` ականջակալներով, սպորտային հագուստով չմշկելիս:
Lurer.com-ի թղթակիցն այսօր տեղեկացավ, որ Լևոն Աբգարյանն ամուսնացել է: Նրա կինը բավականին երիտասարդ հայուհի է, ում հետ էլ մի փոքր զրուցեցինք իրենց ամուսնության, հարաբերություների և կյանքի մասին:
«Ես սիրում եմ իրեն այնպիսին, ինչպիսին նա կա, ինչպիսին նա այս պահին տանն է՝ պարզ, հասարակ: Ես շատ եմ նյարդայնանում, որ իրեն սկսում են ճանաչել դրսում. մի տեսակ ինձ շատ է ճնշում դա: Ես իրեն սիրում եմ որպես իմ կողակցի, որպես Լևոն՝ առանց ձևականությունների: Ես իրեն չեմ սիրում որպես «ռոլիկ քշող» Լևոն»,- մեզ հետ զրույցում ասաց Գաբի Գաբրիելյանը:
-Գաբի՛, ինչպե՞ս պատահեց ձեր հանդիպումը, ինչպե՞ս սկսվեց ձեր սերը:
-Մենք շատ պատահական ենք հանդիպել: Մինչև մեր հանդիպումը՝ շատ հեռվից հեռակա կարգով իրար ճանաչել ենք: Ես իրեն տեսել եմ դրսում, բայց շփում չի եղել: Մի առիթով հանդիպեցինք, ինձ հրավիրեց թեյ խմելու, այնուհետև սկսեցինք հանդիպել, առաջացավ կապվածությունը, ընկերանացանք, սկսեցինք վստահել միմյանց: Երբ իրեն հանդիպեցի, ուրիշին էի սիրահարված, ինքն ինձ օգնեց նաև այդ հարցում, և սա եղավ նախկին սիրուս արգասիքը:
-Ո՞րն է այն հարցը, որ Ձեզ հաճախ են տալիս:
-Հարցնում են՝ այն, որ այդքան մեծ է, ոչնչի չի՞ խանգարում, նորմա՞լ է ամեն ինչ: Ամենաշատը դա են հարցնում: Իսկ ես ամեն անգամ պատասխանում եմ, որ նա այնքան կենսուրախ մարդ է, այնքան առողջ մթնոլորտ է իր շուրջը ստեղծում, որ շատ դժվար է իր տարիքը զգալը: Ես չեմ զգում, որ ինձանից մեծ է: Նույնիսկ կենցաղում մանրուքներ չեն լինում, որպեսզի ես զգամ՝ Լևոնն ինձանից մեծ է: Երբեմն նա ասում է, որ ես ավելի մեծ եմ: Նա առողջ է և, ամենակարևորը, շատ առողջ է մտածում: Մեր տարիքային տարբերությունը 37 տարի է, բայց դա մեզ չի խանգարում:
-Հասցրե՞լ եք արդեն օրինականացնել ձեր ամուսնությունը:
-Լևոնն ամուսնացած եղել է 30 տարի առաջ: Ինքն Ամերիկայում իր կնոջից ամունալուծվել է Ամերիկայի դատարանում: Դեռևս «ԶԱԳՍ» չունենք, բայց պլանավորում ենք երեխա ունենալ: «ԶԱԳՍ» կունենանք, որպեսզի մեր երեխան ծնվի նորմալ ընտանիքում: Ապրում ենք քաղաքացիական ամուսնությամբ, անպայման կօրինականացնենք մեր կապը՝ չնայած Լևոնը կարծում է՝ այդ կնիքը ոչնչացնում է սերը:
-Ասացիք, որ պատրաստվում եք երեխա ունենալ: Մտածե՞լ եք՝ ինչ սեռի կուզենայիք լիներ ձեր առաջնեկը:
-Աստծո գործերը անքննելի են: Մենք շատ-շատ աղջիկ ենք ուզում՝ լինի. Լևոնն արդեն տղա ունի: Բայց աղջիկ կուզենանք ունենալ:
-Հիմա երջանի՞կ եք:
Հա, իհարկե, Նելլի՛ ջան, գիտես՝ իմ երջանկությունն ինձ վրա թանկ է նստել: Ես շատ բաներ եմ զոհել. իմ ընտանիքը մինչև հիմա չի ընդունել այն, ինչ ես արեցի: Ես այն ժամանակ ենթագիտակոցորեն եմ դա արել, բայց հիմա գիտակցում եմ` ես ինձ երջանիկ համարում եմ: Լևոնը շատ ուշադիր է, ինքն ինձ սիրում է: Նույնիսկ ոչ մի առիթ բաց չի թողնում ու ասում է, որ ինքը 61 տարի ապրել է և վերջապես կյանքում գտել է իր սիրուն: Ինքն ինձ սիրում է, ես զգում եմ: Երբ հյուր ենք գնում, միշտ ներկայացնելիս ասում է՝ Գաբին իմ սերն է: Քիչ է ասում՝ Գաբին իմ կինն է: Ուրիշ բան է, երբ ինչ-որ մեկի հետ քնում ես, բայց այլ է, երբ սիրածդ մարդու հետ ես արթնանում: Դա լրիվ ուրիշ աշխարհ է: Ես ամեն առավոտ եմ զգում, որ սիրված եմ:
Ն. Ա.