Կանադական հանրահայտ «Ottawa Magazine» ամսագրի ապրիլյան համարում տպագրվել է հարցազրույց գերմանացի հայտնի տնտեսագետ, Գերմանիայում գործող տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Հանս Սինի հետ, ով Ստեֆըն Դեյլին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքներին և աշխարհում աճող բարբարոսությանը խաղաղ միջոցներով առերեսվելու հնարավորություններին:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Սինը նշել է, որ Երիտթուրքերը և Աթաթուրքն ապօրինի են տիրացել հայերի ու քրդերի հայրենիքին' նախապես ծրագրելով և իրականացնելով վերջիններիս տեղահանությունն ու ջարդերը: Ու մինչ Աթաթուրքին հաջողվել է փրկել Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Թուրքիան, դրա գինը վճարել են հայերն ու քրդերը:

 

 

Սինն իր խոսքում շեշտել է, որ Ցեղասպանությունը ողջ մարդկության խնդիրն է և ոչ թե անպայմանորեն միայն թուրքերինն ու հայերինը:

 

 

Սինն ընդգծել է, որ եթե իշխանությունների մակարդակով չի ստացվում գլուխ հանել խնդրից, գերադասելի են ճշմարտության և հաշտեցման տեղական մարմինները: Թուրքերից և հայերից բացի, այլ ժողովուրդների ներկայացուցիչները ևս կարող են մասնակից լինել, քանզի Ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ժողովուրդներին: Եվ իրականացված աշխատանքը «տաբու» ոլորտում (Թուրքիայում հանցագործություն է Հայոց ցեղասպանության մասին խոսելը) կնպաստի, որպեսզի այս հիմնախնդիրները դառնան հանրային ուշադրության առարկա: