Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դեռևս 3 ամսվա պատմություն ունի, իսկ դա շատ քիչ ժամանակահատված է ինտեգրման արդյունքում առաջացած խնդիրների լուծման համար: Ցանկացած երկրի պարագայում նվազագույնը 6 ամիս է հարկավոր, որպեսզի այն հարմարվի նոր կարգավիճակին և փոխված ընթացակարգերին:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սվետլանա Գլինկինան: Նա կարծիք հայտնեց, որ հունվարից հետո ի հայտ եկած խնդիրները, որոնց բախվեց Հայաստանը, բնորոշ են ինտեգրման անցումային շրջանին:

 

«Տնտեսական ինտեգրացիան չի կարող անցնել առանց այդ խնդիրների: Ժամանակ է հարկավոր, որ բոլոր հարցերը լուծում ստանան: Այդ խնդիրներին են բախվել նաև Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը 2010 թվականին: Ցանկացած ինտեգրման գործընթաց ենթադրում է երկարաժամկետ ծրագրերի իրականացում, հետևաբար Հայաստանը դեռևս պետք է սպասի' միության տված օգուտները տեսնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Գլինկինան:

 

ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանն էլ նկատեց, որ բոլոր այն խնդիրները, որ բարձրաձայնում են հայ գործարարները, տեխնիկական բնույթի են և ունեն իրենց լուծումները: «Անլուծելի հարցեր ես չեմ տեսնում, պարզապես ժամանակ է հարկավոր բոլոր խնդիրների կարգավորման համար: Կարծում եմ' արդարացված չեն այն բացասական սպասումները, որ ձևավորվել են հիմա: 3 ամիսը շատ քիչ ժամանակահատված է' տնտեսական ազդեցությունները գնահատելու համար»,- ասաց Միհրանյանը: Նա հիշեցրեց, որ ռուսական կապիալը միշտ լավ է աշխատել Հայաստանում, և հույս հայտնեց, որ ապագայում էլ կտեսնենք ռուսական ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ:

 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ' 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015 թ. հունվարի 1-ից: