50-ից ավելի երկրներ են դիմել հիմնադիրների իրավունքներով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) անդամագրվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sohu նորությունների չինական պորտալին:

 

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն 31 պետություններ հավանություն են ստացել որպես բանկի համահիմնադիրների թեկնածուներ: Մինչեւ ապրիլի 15-ը պետք է քննարկվեն եւս քսան երկրների փաստաթղթեր, որոնց թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Թուրքիան, Ավստրալիան, Կորեայի Հանրապետությունը, Նիդեռլանդները, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան, Եգիպտոսը, Ղրղզստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Իսրայելը:

 

Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնվել է 2014 թվականին, դրա նպատակը ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ֆինանսական ինստիտուտի կանոնադրային կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար, սկզբնական բաժնետիրական կապիտալը՝ 50 մլրդ դոլար: Բանկի կենտրոնակայանը կհաստատվի Պեկինում:

 

Ավելի վաղ այն կարծիքն է հայտնվել, որ AIIB-ը կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մրցակիցը, որում գերիշխում են ԱՄՆ-ը եւ Ճապոնիան: Միեւնույն ժամանակ ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծել է, որ հիմնադրամը համագործակցության ասպարեզ ունի Չինաստանի կողմից ստեղծվող բանկի հետ:

 

Լուսանկարը' Eugene Hoshiko / AP