Երևանի «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքը կվճարվի միայն գործարանի գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով ներկայացնելով նաիրիտցիների խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ Նախագահը և կառավարությունն իրականացրել են այն, ինչ խոստացել էին նաիրիտցիներին: «Մեր պայմանավորվածությունը եղել է այն, որ մինչև նախորդ տարեվերջ պետք է վճարեինք ամենամսյա աշխատավարձերը, մեկ անգամ էլ նրանց խնդրանքով լրացուցիչ վճարել ենք այս տարվա փետրվարին: Եղել է պայմանավորվածություն, որ այլևս մեզ չդիմեն, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ, խորհրդով որոշեն իրենց հարցերը: Սա կառավարության պարտքը չէ: Նրանք կառավարության համար նոր բեռ են ցանկանում ավելացնել: Դա այս ծանր տնտեսական պայմաններում մեզ համար ընդունելի չէ»,- ասաց վարչապետը:
Երվանդ Զախարյանը նախ հիշեցրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում գործարանում կուտակվել է 5,5 մլրդ դրամի աշխատավարձի պարտք: Վերջին երկու ամիսների ընթացքում ընկերությունում կրճատումներ են կատարվել. 2 հազար 200 աշխատաողների փոխարեն այսօր մնացել են 480 աշխատակիցներ: «Դա արվել է այն նպատակով, որ ապահովվի գործարանի անվտանգությունը: Խոստացել էինք, որ այն աշխատակիցները, որոնք կմնան աշխատանքի, ամեն ամիս կվճարենք աշխատավարձերը, մեկ ամիս է անցել և այսօր կամ վաղը մենք այդ մեկ ամսվա աշխատավարձը կվճարենք»,- պարզաբանեց նախարարը:
Կրճատված աշխատողների մասով աշխատավարձերը պետք է վճարվեն գործարանի գույքի վաճառքի հաշվին: Ըստ Զախարյանի, այդ գույքն անգամ գործարանի վերագործարկման ժամանակ պետք չի լինելու «Նաիրիտ»-ին: Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աուդիտ է իրակաացվում, արդյունքները երկու օրվա ընթացքում կներկայացվեն կառավարությանը: Դրանից հետո էլ պարզ կլինի՝ գործարանն արդյունավետ կարող է աշխատել, թե ոչ:
Հիշեցվեց նաև, որ գործարանի գույքն ամբողջությամբ գրավադրված է ԱՊՀ Միջպետական բանկում: Այժմ բանակցություններ են տարվում՝ գույքը գրավից հանելու ուղղությամբ: «Որոշակի արդյունքներ դեռևս չկան, բայց հույս կա, որ մոտ ժամանակներս այդ հարցը կկարգավորվի: Գույքի վաճառքի հետ կապված որոշակի շարժ 1-2 ամիսների ընթացքում կլինի: Նախարարությունն անում է ամեն ինչ՝ ընկերության խորհրդի հետ, որպեսզի վաճառքն արագացվի և հնարավորություն լինի կուտակված աշխատավարձը վճարելու համար: Աշխատավարձի պարտքը կփակվի միայն գույքի վաճառքից սպասվող գումարի հաշվին»,- ասաց Զախարյանը: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ են այժմ ցանկանում կառավարության շենքի առջև հավաքված արդեն նախկին նաիրիտցիները: Զախարյանը պատասխանեց, որ նրանց ցանկությունը մեկն է, որպեսզի կառավարությունը վճարի իրենց աշխատավարձերը:
«Այսօր էներգետիկ համակարգի խնդիրներն են մեծ, դուք ձեր այսօրվա խնդիրները լուծեք, հետո նոր այդ խնդիրները բարձրացրեք»,- արձագանքելով և դիմելով Եվրանդ Զախարյանին՝ ասաց վարչապետը:
Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ դիմել են ԱՊՀ Միջպետական բանկին, որպեսզի վերջինս բարի կամք դրսևորի և զիջի գործարանի վարկը, վերադարձնի գույքն ու բաժնետոմսերը, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի կողմից պարտքը մարելու հնարավորությունը հավասար է զրոյի: «Նաև մեր ռուսաստանյան գործընկերներին խնդրանքով դիմել ենք, որ իրենք իրենց հերթին աջակցեն՝ գործընթացն ավարտելու համար: Խոսք են տվել՝ հնարավորության դեպքում մոտակա ամիսների ընթացքում գործարանի գույքը փոխանցել ՀՀ կառավարությանը: Բանկը գործարանի վարկային միջոցներն արդեն իսկ դուրս է գրել իր հաշիվներից»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը: