Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշում կայացնելուց հետո մշտապես հայտարարել է, որ չի հրաժարվում «և..և»-ի քաղաքականությունից ու Եվրամիության հետ համագործակցությունից: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 

 

«Երբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, նա այն ժամանակ էլ հստակ նշեց, որ սա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է «և և»-ի քաղաքականությունից: Սեպտեմբերից հետո եվրոպացի որոշ գործիչներ փորձեցին հանդես գալ կոշտ հայտարարություններով, սակայն հետո հասկացան, որ Հայաստանն ինքն է որոշում իր քաղաքականությունը և կոշտ հայտարարությունները մեզ չեն հեռացնի մեր որդեգրած քաղաքական կուրսից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ավետիսյանը:

 

 

Նա հավելեց, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն շարունակելու է համագործակցությունը Եվրամիության հետ, այնքանով, որքանով դա չի խանգարի ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

 

 

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության խորացումը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է համարում՝ հույս հայտնելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկայում Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն կամ կնախանշեն հետագա համագործակցության ուղիները: