Չանաքքալեի ճակատամարտի հիշատակումն ապրիլի 24-ին միջազգային հանրության համար ևս մեկ ապացույց է, որ թուրքական պետությունը սեփական ամոթալի անցյալը կոծկելու համար հերթական քայլն է ձեռնարկել: Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս մասին ընդգծում է հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս, քաղաքացիական ակտիվիստ Մուրադ Բելգեն «Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով մի շարք այլ հարցերի:

 

 

-Պարոն Բելգե, տարիներ առաջ դուք հրապարակել էիք գիրք «Հայերը գրականության մեջ» խորագրով, միաժամանակ Դուք Բիլգի համալսարանում գրականության դասախոս եք: Ձեր ուսանողներն ի՞նչ տեսակետներ ունեն հայերի մասին:



-Ուսանողներիս մեջ կան նաև ծագումով հայեր: Այսինքն նրանցից շատերի համար հայը չտեսնված, անհայտ անձ չէ, հակառակը, օրինակելի կուրսընկեր է: Ըստ էության նախապաշարմունքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդիկ իրար չեն ճանաչում: Մեր ակադեմիական միջավայրում նման բան չկա:

 

 

-Երկար տարիներ Դուք մի շարք այլ թուրք մտավորականների հետ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետական ժխտողականության դեմ ձեր ձայնը փորձել եք լսելի դարձնել: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ ձայնն է այսօր բարձր՝ ձեր, թե թուրքական իշխանությունների:



-Պետությունները և կառավարությունները մշտապես և ամենուր հնարավորություններ ունեն իրենց ձայնն ամենից բարձրը դարձնելու համար: Սակայն դուրս եկող ձայնի «բարձրությամբ» չի կարող պայմանավորված լինել ասելիքի հավաստիությունը: Պատմական պատճառներից ելնելով, որոնց մեջ այժմ խորանալ չեմ ցանկանում, հայերի կոտորածի թեմայով Թուրքիայում միայն մեկ ձայն էր դուրս գալիս: Ավելի ճիշտ, գուցե այլ ձայներ էլ էին լինում, սակայն լսվում էր դրանցից միայն մեկը:

 

Իսկ 2005 թվականին հայերի վերաբերյալ մեր կազմակերպած սեմինարից հետո այս մենաշնորհը դադարեց մենաշ նորհ լինելուց: Առհասարակ ցեղասպանությունների և մասնավորապես հայերի կոտորածի վերաբերյալ շատ լուրջ ակադեմիական աշխատանքներ հրատարակվեցին:

 

 

Եթե կրկին շարունակենք «ձայնի» այլաբանությունից խոսել, ապա պետք է նշեմ, որ «սովորելը» մի բան է, որն արվում է անձայն: Մարդը կարդում է, հասկանում, գլուխը թափահարում, գուցե նաև հոգոց հանում, սակայն դրանից հետո չի բղավում և աղաղակում: Սակայն եթե գա մի օր, երբ անհրաժեշտ լինի ձայն հանել, օրինակ, եթե որևէ մեկը հարցնի, թե «ի՞նչ է պատահել 1915-ին», ոչ թե մեկ, այլ առնվազն երկու ձայն դուրս կգա: Այս գործընթացն արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ տեղի է ունենում Թուրքիայում:

 

 

-Ինչպե՞ս եք մենկաբանում Գալիպոլիի տոնակատարությունները հենց ապրիլի 24-ին կատարելու մասին որոշումը:



-Գալիպոլիի նախապատրաստությունները, ինչպես բացատրեցի ավելի վաղ, մի իրադարձություն պետք է համարել, որը տեղավորվում է պետությունների «բարձր ձայն հանելու» հնարավորությունների հետ: Ներկայիս իշխանական կուսակցությունը մի քաղաքական ուժ է, որն իր իշխանության առաջին շուրջ տասը տարվա և հետագա տարիների միջև ապշեցնող տարբերակում է դնում: Հայերի կոտորածը Չանաքքալեի պատերազմի ներքո «խեղդելու» նախապատրաստություններն էլ այս երկրորդ շրջանի մտածելակերպն ու մոտեցումներն ի ցույց դնող փաստ են:

 

 

2015-ը՝ հարյուրերորդ տարելիցը, կարող է հանգեցնել սեփական պատմության հետ ի վերջո Թուրքիայի առերեսմանը: Սա հստակ անհրաժեշտություն է: Հատկապես սա անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան առողջացնի իր հասարակական հոգեբանությունը:

 

 

Չանաքքալեի պատերազմը Թուրքիայի ազգային պատմության կարևոր իրադարձություններից է: Այստեղ տարած հաղթանակը տոնելու ցանկությունը իհարկե հասկանալի և ընդունելի է: Սակայն սա պատճառ չի կարող լինել նույն ժամանակ տեղի ունեցած պատմական անփառունակ էջերը փակել տալու համար:

 

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության վերաբերմունքն այս միջոցառումներին:



-Թե Չանաքքալեի միջոցառումները նախաձեռնելը, թե հայերի կոտորածը մոռացության տալու փորձերը թույլ հնարավորություններ էին, սակայն պետք է նշենք, որ դրանք Թուրքիայում ազդեցիկ եղան: Մի փոքր հանգստացրեցին նրանց, ովքեր չեն ուզում լսել «կոտորած» բառը (իսկ նրանց թիվը քիչ չէ)… Ո՞րն է լինելու սրա ազդեցությունն աշխարհում. միջազգային հանրությունը ստիպած չէ 1915 թվականի դեպքերը դիտարկել Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դիտակետից:

 

 

Բացի այդ նրանք, ովքեր իմանալու էին կատարվածի մասին, արդեն վաղուց գիտեն դա: Այս իրավիճակում, Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս ամենը միայն ավելի կամրապնդի արդեն իսկ գոյություն ունեցող դատապարտումը, որն ասում է. «Այս ամոթը շարունակելու համար այս տարի էլ ա՞յս միջոցն եք գտել»:

 

 

-Դուք տարբեր առիթներով հայտարարել եք, որ հայ ժողովրդի կողքին եք: Որտե՞ղ եք պատրաստվում լինել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը:



-Եթե որևէ խնդիր չլինի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից եկած հրավերով կլինեմ Լոս Անջելեսում:

 

 

Հարցազրույցը Արաքս Կասյանի