«Իսլամական պետությունը» համացանցում տարածել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է գլխատում չորս իրաքցիների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքցիները մեղադրվել են կնոջ սպանության և գողության մեջ: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Նինվեի մարզի Մոսուլ քաղաքում:

 

Ավելի քան վեց րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում են կողք-կողքի նստած չորս անձինք: Ապա ցուցադրվում են ռազմական հագուստով զինյալները: Նրանցից մեկը բազմության առջև կարդում է նման արարքի համապատասխան պատիժը, որից հետո ցուցադրվել են ձեռքերը և ոտքերը կապված, ծնկի եկած իրաքցիները, այնուհետև նրանց գլխատման կադրերը:

 

Մոսուլ քաղաքը շարունակում է մնալ ԻՊ-ի վերահսկողության տակ: Իրաքյան ուժերը պատրաստվում են լայնածավալ գործողություններ սկսել Նինվեի մարզում, մասնավորապես՝ մարզկենտրոն Մոսուլում:

 

Ավելի վաղ՝ մարտի 31-ին, ԻՊ-ից ազատագրվել էր Սալահ ադ Դին մարզի մարզկենտրոն Թիքրիթը:

 

ԻՊ-ն նախորդ տարվա ամռանից վերահսկողություն էր հաստատել Իրաքի տարածքի մեկ երրորդի վրա: Կազմակերպությունը մեծ տարածքներ է գրավել նաև Սիրիայում՝ այսպիսով իր գրաված տարածքներում հիմնելով, այսպես կոչված, «Իսլամական խալիֆաթ», որի մայարաքաղաքը համարում են Մոսուլը:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: