ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալներ տրամադրելու և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան ամփոփ վիճակագրական տվյալները ՀՀ արդարադատության նախարարությանը հասանելի դարձնելու վերաբերյալ ապրիլի 3-ին կնված հուշագիրը հնարավորություններ է ստեղծում մեխ անիզմներ մշակել Հայաստանում ժողովրդագրական պատկերի մասին առավել հստակ պատկեր ստանալու համար, որը ռազմավարական նշանակություն ունի տնտեսական քաղաքականության իրականացման համար:

 

 

Պետական վիճակագրությունն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիական վիճակի մասին քանակական ու որակական հետազոտությունների միջոցով գնահատմանը, որի հիման վրա պետությունը մշակում ու իրականացնում է իր պետական կուրսը տնտեսական զարգացման հեռանկարով: Այս տեսանկյունից կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաների գործադրմամբ տեղեկատվությունների փոխանակումը, որը կնպաստի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառության դյուրացմանը, փաստաթղթային շրջանառության ընթացքում սխալների և բացթողումների բացառմանը, պետական բյուջեից կատարվող ծախսեր  կրճատմանը:

 

 

Միևնույն ժամանակ, պետական ծառայողների աշխատանքը կավտոմատացվի և կբացառվի կրկնակի փաստաթղթաշրջանառությունը: Պետք է նշել, որ նման կարևորության հուշագրի ստորագրումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքն է, որը նպաստել է նաև քաղաքացիներին արդարադատության ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավմանն ու ժամկետների կրճատմանը: Այս մասին հուշագրի կնքումից հետո նկատել էր նաև ՀՀ արդարադատության նախա րար Հովհաննես Մանուկյանը. «ՀՀ կառավարությունը մեծ տեղ է տալիս հանրային ծառայությունների բարեփոխմանը, որի հիմնական նպատակն է վերը նշված ծառայությունների որակի բարձրացումն ու բնակչությանը որակյալ ծառայության մատուցումը:

 

Այս առումով շատ կարևոր էր քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման ներդրումը, որը հնարավորություն տվեց ոչ միայն բարելավել ծառայությունների մատուցման որակը և ժամկետները, այլև մի քանի անգամ ավելի արագ և արդյունավետ կերպով տեղեկատվություն հավաքել, ամփոփել և կատարել համապատասխան վերլուծություններ»:

 

 

Բարեփոխումները մեծ կարևորություն ունեն անցումային հասարակություններում, եթե դրանք ուղղված են ինչպես քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների դյուրացմանը, այնպես էլ՝ պետական մարմինների համագործակցությանը, և դրանց հիման վրա հետագա ռազմավարական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

 

 

Միասնական համակարգի ներդրումն ու էլեկտրոնային եղանակով հավաքագրված տեղեկատվության տրամադրումն ԱՎԾ-ին ծառայում է վերը նշված գաղափարական-ինստիտուցիոնալ ասպեկտների իրագործմանը:

 

 

Բացի այդ՝ հուշագիրը նաև նախատեսում է ոլորտի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցում, որը կարևոր քայլ է միջազգային կառույցներում մեր երկրի ինտեգրման համար: Պետական մարմինների համագործակցային ցանկացած դրսևորում ոչ միայն դրականորեն է ազդում քաղաքացու կենցաղի վրա, այլև նպաստում է պետական կառավարման ապարատի կայացմանը՝ որպես հասարակական հարաբերությունների կազմակերպիչ, բարձրացնում է այդ մարմինների ճկունությունը փոխգործակցության միջոցով և մեծացնում փոփոխություններին ադապտացվելու ու ռիսկերը դիմագրավելու կարողությունները: