Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը՝ 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:

Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ: