Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերը փորձում են կայացնել իրենց բիզնեսն առանց վարկային պարտավորությունների: Նրանք խուսափում են իրենց առաջարկվող արտոնյալ վարկերից' փորձելով սեփական ուժերով առաջ գնալ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում սիրիահայ Կարմեն Մնացականյանը պատմեց, որ Հալեպից Երևան տեղափոխվելուց հետո պայուսակների արտադրությամբ է սկսել զբաղվել, սակայն չի պատրաստվում մեծ արտադրություն սկսել:

 

«Մեր պատրաստած պայուսակները վաճառում ենք միայն ցուցահանդեսների ժամանակ, իսկ արտադրությունը ավելացնելու ծրագրեր դեռ չունենք: Փորձում ենք առանց վարկերի կայացնել բիզնեսը: 2012 թվականից, ինչ տեղափոխվել ենք Հայաստան, մեր հիմնական գործը սա է: Այս ընթացքում աջակցություն ենք ստացել տարբեր կառույցներից, և, Փառք Աստծո, կարողանում ենք հոգալ մեր ծախսերը»,- պատմեց սիրիահայ գործարարը:

 

Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայերից է նաև Յոլանդ Սափունջյանը, ով Երևանում զբաղվում է թխվածքների և քաղցրավենիքների արտադրությամբ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հիմնական դժվարությունը, որ առաջ եկավ Հայաստան տեղափոխվելիս, այն էր, որ տուն չունեին և սոցիալական կապն էլ թույլ էր: «Փորձեցինք սիրիական խոհանոց հիմնել, սակայն դեռ չունենք տարածք և միայն պատվերներ ենք կատարում: Խնդիրներ կան իրացման հետ կապված, հիմնականում ցուցանադեսների ժամանակ ենք կարողանում ցույց տալ մեր ատրատդրանքը: Սակայն լիահույս ենք, ո ր ժամանակի ընթացքում կկարգավորվեն հարցերը, քանի որ պատրաստվում ենք մշտական բնակություն հաստատել Հայաստանում»,- ասաց Սափունջյանը: Նա ևս նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո օգնություն են ստացել տեղական ու միջազգային տարբեր կազմակերպություններից, սակայն՝ ոչ վարկային օժանդակություն: «Չենք ցանկանում այստեղ այդ ռիսկին դիմել, ավելի լավ է կամաց-կամաց գումար հավաքենք և այդպես ստեղծենք մեր ռեստորանը»,- ասաց նա:

 

«Արմենպրես»-ը զրուցեց նաև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հայստանյան պաշտոնակատար Քեյթ Օչաբսկիի հետ, ով հայտնեց, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրում են տեխնիկական և խորհրդատվական աջակցություն: «Մենք նրանց տալիս ենք աշխատանքային գործիքներ և սովորեցնում ինչպես սկսել բիզնեսը։ Նաև օգնում ենք ճիշտ օգտագործել Կառավարության տրամադրած արտոնյալ վարկերը: Նրանք Սիրիայում կորցրել են իրենց տները, չունեն սոցիալական կապեր, հետևաբար նրանց ավելի շատ աջակցություն է պետք»,- ասաց նա: Օչաբսկին նկատեց, որ այստեղ բնակություն հաստատած սիրիահայերը իրենց ավելի լավ են զգում և փորձում են ինտեգրվել ինչպես հանրային կյանքին, այնպես էլ բիզնես միջավայրին: