Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ ապրիլի 11-ին, նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից, որը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:
Խնդիրն անմիջապես հայտնվել է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում և տրվել են համապատասխան հանձնարարականներ ինչպես փաստաթղթավորման, այնպես էլ թոշակավորման հարցն արագ լուծելու համար: Լուծվել է դատապարտյալի զինվորական թոշակ ստանալու հարցը, նրան պարբերաբար այցելում է բժիշկը:
Հանձնելով նույնականացման քարտը՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սողոմոն Քոչարյանին հորդորել է չհուսահատվել և ցանկացած իրավիճակում փորձել օրինակելի վարք դրսևորել պատիժը կրելիս: Նախարարը ցմահ դատապարտյալին է նվիրել Վազգեն Սարգսյանի գրքերից մեկը. «Քանի որ կռված տղա ես, կարծում եմ՝ Սպարապետի այս գիրքը սիրով կկարդաս»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: