ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նշանավոր գործիչ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պայքար է սկսել երկրի նախագահի պաշտոնի համար: Այն մասին, որ ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ամուսինը մասնակցելու է 2016 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, ապրիլի 12-ին հայտարարել է նրա խորհրդական Ջոն Պոդեստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հիլարին մասնակցելու է նախագահական ընտրություններին: Մոտ ժամանակներս նա կուղեւորվի Այովա՝ ուղղակիորեն խոսելու ընտրողների հետ: Նրա ընտրարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի հաջորդ ամսին»,- ասված է Պոդեստայի նամակում՝ հասցեագրված Դեմոկրատական կուսակցության հովանավորներին:
Սա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու 67-ամյա Քլինթոնի արդեն երկրորդ փորձն է: 2008 թվականին նա ընտրությունները տանուլ էր տվել Բարաք Օբամային, իսկ այժմ անվերապահ առաջատարն է պոտենցիալ հավակնորդների թվում: Ներկուսակցական մրցարշավում Քլինթոնի մրցակիցը կարող է դառնալ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Սակայն հասարակական կարծիքի հարցումների տվյալների համաձայն՝ նա Քլինթոնին զգալիորեն զիջում է իր ժողովրդականությամբ: Բայդենն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախագահական մրցավազքին մասնակցելու իր որոշման մասին:
Պետքարտուղարի պաշտոնը Քլինթոնը թողել է 2013 թվականի սկզբին եւ մինչեւ վերջին ժամանակներս վճարովի դասախոսություններ էր կարդում տարբեր լսարանների առջեւ: Ապրիլի 11-ին Օբաման հայտարարել է, որ նա կդառնար «գերազանց նախագահ», եթե ընտրվեր այդ պաշտոնում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Քլինթոնի ընտրական շտաբը կտեղավորվի Նյու Յորքի Բրուքլինի շրջանում: Ըստ փորձագետների գնահատումների՝ նախընտրական արշավն անցկացնելու համար նրան հարկ կլինի հավաքել ավելի քան 1 մլրդ դոլար:
Մինչդեռ, ինչպես հաղորդել է New York Times թերթը, Հիլարի Քլինթոնի շտաբն ակնկալում է նախընտրական արշավի համար հավաքել մոտավորապես 2,5 մլրդ դոլար:
«Ներկայիս նախագահական ընտրարշավը, ամենայն հավանականությամբ, ամենաթանկը կդառնա պատմության մեջ: Քլինթոնի կողմնակիցները մտադիր են ներգրավել շուրջ 2,5 մլրդ դոլար»,- նշել է հրատարակությունը: