Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մայրաքաղաքում ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վար չությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին:

 

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու իրենց կարևոր և գնահատված մասնակցությունն ունեցան համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին: Շնորհակալ եմ նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, պետական գերատեսչություններին ու կառույցներին, մասնավոր ընկերություններին և հասարակական կազմապերպություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ ու անշահախնդիր մասնակցությունն ունեցան այս գործում: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նույն նվիրումով ու սիրով կշարունակի խնամել տնկված ծառերը, նաև կհետևի, որ Երևանը նույնքան մաքուր լինի ամեն օր»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա շաբաթօրյակները և ծառերի տնկումը:

 

Անդրադառնալով աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 68 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակաբար հանրությանը ներկայացնել այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկել չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

 

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են գետերի հուների մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հեղեղատար համակարգերում առաջացած ջրակուտակումների պատճառները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Մասնավորապես «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող ջրահեռացման համակարգում ապօրինի կառուցված պատի ապամոնտաժումից հետո այն ամբողջությամբ մաքրվել է՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Համակարգի մաքրման աշխատանքներ են կազմակերպվել նաև Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, իսկ տարածքների սեփականատերերն էլ խստորեն զգուշացվել են: