Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլիամի և Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնի որդին' արքայազն Ջորջն արդեն քայլում է և թոթովում: Իր տարիքի մյուս երեխաների նման նրա հետ նույնպես ծիծաղաշարժ դրվագներ ու արկածներ են պատահում:

 

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Daily Beast կայքը, նման մի դեպքի մասին Լոնդոնի ամենահին և շքեղ «Գորինգ» հյուրանոցի հիմնադրման 105-ամյակի տոնակատարության ժամանակ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պատմել է զբոսաշրջության գործակալ Կլաուդիա Գորդոնին: «Ես նրան հարցրեցի, թե արդյոք արքայազն Ջորջը ուրախ է նոր արքայազնի կամ արքայադստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ: Նա ասաց՝ այո, և որ արքայազնն արդեն խոսում ու քայլում է»,- պատմել է Կլաուդիա Գորդոն:

 

 

Դրանից հետո դքսուհին պատմել է, որ երբ փոքրիկ արքայազնին ասել են, որ հայրը' արքայազն Ուիլիամը, Չինաստանում է, նա մոտեցել է ճենապակե սպասքի պահարանին, բացել դուռը և ասել. «Հայրիկն այստեղ չէ»:

 

 

Քեմբրիջի դքսուհին խոստացել է, որ իրենք կաշխատեն ապագա թագաժառանգի աշխարհագրական գիտելիքների վրա:

 

 

Քեմբրիջի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին: Նա Ուելսի արքայազն Չարլզի և Ուելսի արքայադուստր Դիանայի թոռն է։ Իր պապիկից և հայրիկից հետո նա թագուհի Էլիզաբեթ երկրորդի գահին հավակնորդ երրորդ թագաժառանագն է: Քեմբրիջի դքսուհի Քեյթը պատրաստվում է ծննդաբերել իր երկրորդ երեխային, ինչն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Լոնդոնի արևմուտքի «Սենտ Մերի» հիվանդանոցում, որտեղ երկու տարի առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: