ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 2-ին եւ 3-ին քարոզարշավը շարունակել է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:
Փետրվարի 2-ին նա եղավ Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում եւ Սիսիանում: Ջերմուկում նա նշել է, որ առողջարանների ներուժի վերականգնումը պետք է դառնա պետական հոգածության առարկա, ինչը հնարավորություն կտա միայն զբոսաշրջության հաշվին ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպելուց զատ նա այցելել է նաեւ «Ջերմուկ գրուպ» եւ Ջերմուկի մայր գործարաններ:
Սիսիանում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, Րաֆֆի Հովհաննիսյանը այլ խնդիրների շարքում նա անդրադարձել է նաեւ ուրանի հանքերի շահագործման վտանգին:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում եւ Ագարակ ավանում: Ելույթ ունենալով Կապանի կենտրոնական հրապարակում հավաքված հկապանցիների առջեւ, նա մասնավորապես անդրադարձել է հանքարդյունաբերության խնդիրներին՝ անթույլատրելի համարելով մի խումբ մարդկանց կողմից համազգային սեփականությունը հանդիսացող հանքերի մասնավորեցումը եւ անխնա շահագործումը՝ ի վնաս շրջակա միջավայրի:
Մեղրիում եւ Ագարակում թեկնածուն արծարծել է պտուղ-բաջարեղենի վերամշակման գործարանների, չորանոցների հիմնադրման համար պետության կողմից բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին: