Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 58-րդն է 143 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 7 տեղով բարելավելով դիրքը: 2012-2015թթ․ցանցային պատրաստվածության ցուցչի աճով Հայաստանն աշխարհում առաջատարն է՝ բարելավելով դիրքը 36 տեղով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնից, որը, որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2015»-ի հիմնական արդյունքները:

 

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը: Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 143 տնտեսությունների ՏՏ մրցունակութ յունը:

 

ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները և Նորվեգիան:

 

Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: Ամենաէական բարելավում գրանցվել է ազդեցության բաղադրիչում (+13 կետ):

Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի և Ղազախստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Ղրղզստանում (+20): Ադրբեջանը զիջել է իր դիրքերը (-8)' այսպիսով էականորեն կրճատելով առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց չի գրանցել։

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ բավականին բարձր են։

 

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը պետական օգտագործման հենասյունով, հատկապես պետության՝ էլ․ մասնակցության ցուցչով, որը նախորդ տարիներին ամենաէական թերությունների շարքին էր դասվում: Ուշագրավ առավելություններից է նաև կառավարության էլեկտրոնային ծառայությունների, հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի սակագների ենթացուցիչները (համապատասխանաբար + 66, +112, +17)

 

Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և աշխատակազմի վերապատրաստման մակարդակը: