Ֆրանցիսկոս պապի կողմից 100 տարի առաջ հայերի սպանությունը ցեղասպանություն որակելը դիվանագիտական աղմուկ է առաջացրել Թուրքիայի հետ և բարձրացրել է տոկուն պատմական փաստարկներ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Փաստարկները, ամենայն հավանականությամբ, կակտիվանան, քանի որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես նշել այդ իրադարձությունը երկու շաբաթից քիչ ժամանակ անց:
Ահա մի քանի հարց, որոնք բարձրացվել են Պապի հայտարարությունից հետո, որը հնչեցվել է կիրակնօրյա պատարագի ընթացքում, և Թուրքիայի պատասխանից, որը դատապարտել է նրա խոսքերը՝ որակելով դրանք «անհիմն» և Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին: Այս մասին գրում է The New York Times-ը:
Հարց. Ի՞նչ է նշանակում ցեղասպանություն և ո՞րն է դրա ծագումը:
Պատասխան. Ցեղասպանությունը, ընդհանուր առմամբ, բնորոշվում է որպես մարդկանց դիտավորյալ սպանություն, ովքեր պատկանում են որոշակի ռասայական, քաղաքական կամ մշակութային խմբի` այդ խմբի գոյությունը ոչնչացնելու մտադրությամբ: Տերմինը գոյություն չի ունեցել մինչև 1944 թ., երբ լեհ հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը միավորել է «ցեղ» նշանակող հունական բառ geno-ն cide-ի հետ, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «սպանություն»: Միացյալ Նահանգների՝ Հոլոքոստի հիշատակի թանգարանի կայքի համաձայն` պարոն Լեմկինը ստեղծել է «ցեղասպանություն» տերմինը, որպեսզի նկարագրի նացիստների կողմից իրականացված համակարգված սպանությունները: Սակայն պարոն Լեմկինը նշել է, որ հայերի սպանությունները նույնպես ունեցել է մտքում: 1949 թվականին CBS-ին տված հարցազրույցում Լեմկինը մեկնաբան Քուենսի Հոուին ասել է. «Ես սկսեցի հետաքրքրվել ցեղասպանության թեմայով, որովհետև դա տեղի է ունեցել բազմիցս: Դա պատահել է հայերի հետ, և հայերից հետո Հիտլերն է գործի անցել»: Տերմինը ներառվել է 1948 թվականին ընդունված Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում:
Հարց. Ո՞րն է այդ հարցով պատմական իրադարձությունը:
Պատասխան. Խոսքը վերաբերում է Օսմանյան կայսրության փլուզմանը՝ սկսած 1915 թ., երբ օսմանները, ովքեր միավորվել են Գերմանիայի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ձգտում էին կանխել հայերի համագործակցումը Ռուսաստանի հետ, և հրամայել զանգվածային տեղահանություններ կայսրության արևելյան նահանգներից: Մոտ 1.5 միլիոն էթնիկ հայեր մահացել են հարկադիր արտագաղթի, սովի ու սպանությունների հետևանքով, որոնք իրականացվել են թուրք զինվորների և ոստիկանների կողմից: Մոտ 500,000 հայ փրկվել է, և շատերը ցրվել են Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում և այլուր, ինչը դարձել է հայկական սփյուռք: Շատ պատմաբաններ այժմ հայերի մահերը համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Հարց. Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունն այդքան դեմ «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը՝ տեղի ունեցածը նկարագրելու համար:
Պատասխան. Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ վայրագությունները կատարվել են այդ ընթացքում, սակայն պնդում է, որ մեծ թվով թուրքեր նույնպես սպանվել են, և հայերի սպանությունը համակարգված և կանխամտածված պատկերելը պատմականորեն ճիշտ չէ: Թուրքիայի կառավարությունը վիճարկել է սպանված հայերի թիվը՝ առաջարկելով, որ այն եղել է շատ ավելի քիչ, քան 1.5 մլն-ը:
Կառավարությունը կարող է նաև անհանգստանալ Ցեղասպանության ճանաչման իրավական հետևանքներից, ինչպես նաև հնարավոր է, որ նա պարտավոր կլինի վճարել մահերի, տառապանքի և սեփականության առգրավման ու ոչնչացման համար փոխհատուցում: Համաձայն մարտին Հայոց ցեղասպանության փոխհատուցումների ուսումնասիրման խմբի հրապարակած զեկույցի` փոխհատուցումների գումարի ընդհանուր չափը կկազմի մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Հարց. Որքա՞ն այլ երկրներ են դիրքորոշում զբաղեցրել այս հարցի վերաբերյալ:
Պատասխան. Ամերիկայի Հայ ազգային խորհրդի կայքի համաձայն` առնվազն 15 երկրում օրենսդիր մարմինները և Եվրոպայի խորհուրդն ու Եվրախորհրդարանն անցկացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր: ՄԱԿ-ի խտրականության կանխման ու փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը նույնպես բնութագրել է շրջանը որպես ցեղասպանություն։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Շվեյցարիան և Հունաստանը, քրեական պատասխանատվություն են նախատեսում այն մերժողների դեմ:
Հարց. Ո՞րն է Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը «ցեղասպանություն» բառի գործածման հարցում:
Պատասխան. Իրարահաջորդ վարչակազմերը փորձել են շրջանցել այդ հարցը Թուրքիայի աճող նշանակության պատճառով` և որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, և որպես ազդեցիկ քաղաքական ու տնտեսական ուժ Մերձավոր Արևելքում: Նրանք նաև «ցեղասպանություն» տերմինի գործածումը համարել են վնասակար հայ-թուրքական հաշտեցման ջանքերի համար: Երբ նախագահ Օբաման առաջին անգամ 2008-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում, նա կիրառել է ցեղասպանություն տերմինը, սակայն իշխանության գլուխ գալուց հետո մեղմացրել իր դիրքորոշումն այդ հարցում` պատմության այդ շրջանն անվանելով գազանություն և մութ գլուխ, սակայն դիմադրում է կոնգրեսի անդամների ջանքերին` անցկացնելու ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկություն: Ֆրանցիսկոս պապի կողմից կիրակնօրյա պատարագի ժամանակ «ցեղասպանության» տերմինի գործածումն առաջ է քաշում շահարկումներ այն առնչությամբ, որ պարոն Օբաման կարող է նույնպես այդպես վարվել:
Հարց. Ի՞նչ հատուկ միջոցառումներ են ծրագրված՝ 100-րդ տարելիցը հիշատակելու համար:
Պատասխան. Սփյուռքի ականավոր հայերն արդեն սկսել են 100-րդ տարելիցի ոգեկոչումը։ Ոմանք համագործակցել են հոլիվուդյան հայտնիների հետ՝ հաջորդ տարվանից սկսած շնորհելու մարդասիրական մրցանակ՝ ի պատիվ նրանց, ովքեր այդ շրջանում օգնել են փրկվել հայերին։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 100-րդ տարելիցը պաշտոնապես կնշվի ապրիլի 24-ին, որին կմասնակցեն մի շարք համաշխարհային առաջնորդներ՝ ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նույնպես կընդունի հայտարարություն մինչ 100-րդ տարելիցի օրը՝ կոչ անելով ողջ աշխարհի խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: