Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափոձի աղմուկի մեջ խլացավ հայկական բանակում տեղի ունեցած հերթական ողբերգությունը: Ըստ փետրվարի 1-ի պաշտոնական հաղորդագրության, ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող Վարդան Ավագյանը՝ կրակելով ինքն իր վրա:
Պարույր Հայրիկյանի վրա կատարված կրակոցը՝ բարեբախտաբար ոչ մահացու, որակվեց որպես կրակոց պետության, ինքնիշխանության վրա: Ընդ որում, այդ որակումները տրվեցին իշխանական ամենաբարձր մակարդակներով:
Նույն բարձր մակարդակները լռում են, երբ կրակոցներ են հնչում բանակում, երբ սպաները կամ զինվորները կրակում են իրար վրա, կամ տեղի են ունենում ինքնասպանություններ: Դրանք չեն արժանանում քաղաքական գնահատականների, իսկ իշխանության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի հայտարարում, որ այդ կրակոցներն ուղղված են պետության, ինքնիշխանության դեմ:
Սովորաբար, այդպիսի դեպքերում, իշխանությունն անցնում է ինքնապաշտպանության այլ տարբերակի եւ հայտարարում, թե ինքնասպանություններ կամ սպանություններ լինում են բոլոր բանակներում՝ նույնիսկ զարգացած պետությունների: Իհարկե, զարգացած որեւէ պետության առաջին դեմք կարծես թե հրապարակավ չի հայտարարում, որ բանակը պետք է դարձնել պետական կառավարման համակարգի առանցք՝ պետական կառավարման համակարգը համախմբել բանակի շուրջ:
Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է այդ մասին: Այդ հայտարարությունը հնչել է 2013 թվականի հունվարի 15-ին, ՊՆ-ում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է պետական կառավարման գրեթե ամբողջ համակարգը՝ քաղաքացիական եւ զինվորական մասերով:
Եթե պետության առաջին դեմքը հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը պետք է համախմբել բանակի շուրջ, ուրեմն դա նշանակում է, որ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած ցանկացած մահ հանդիսանում է հարված պետական կառավարմանը, հետեւաբար պետությանը, հետեւաբար պետական ինքնիշխանությանը:
Իսկ դա նշանակում է, որ իշխանության բարձր մակարդակով պետք է քաղաքական գնահատական ստանա ոչ միայն որեւէ նախագահի թեկնածուի կամ քաղաքական այլ գործչի հանդեպ ոտնձգությունը, այլ ոտնձգությունը ցանկացած զինվորի կյանքի եւ առողջության հանդեպ, եթե անգամ խոսքն ինքնասպանության մասին է: Այսինքն, բանակը պետական կառավարման առանցք հռչակելու պարագայում, իշխանությունը պարտավոր է ամենաբարձր մակարդակով քաղաքական պատասխանատվություն ստանձնել բանակի յուրաքանչյուր անդամի կյանքի եւ առողջության համար:
Մինչդեռ այդ առումով Հայաստանում կարծես թե կատարյալ անպատասխանատվություն է, ինչի մասին է վկայում իշխանության վերաբերմունքը բանակում զոհված զինծառայողների ծնողների, հարազատների հանդեպ, բանակում առողջությունը կորցրած զինվորների հանդեպ, նրանց ընտանիքների հանդեպ:
Իշխանական գրեթե ամբողջ համակարգը հերթ էր կանգնել Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի դռանը:
Պարտավոր էին կանգնել, որովհետեւ ներկայում վայելում են այն պետության պտուղները, որի համար իր կյանքի լավագույն տարիները խորհրդային բանտերին է «նվիրել» Հայրիկյանը: Իհարկե, պարզ է նաեւ, որ հերթ էին կանգնել ոչ թե ի նշան երախտագիտության, այլ պարզապես քաղաքական կոնյուկտուրայի պահանջով:
Բայց, հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհված կամ ինքնասպանված զինծառայողների հարազատների դռանը պետական պաշտոնյաների որեւէ հերթ չի գոյանում, որեւէ մեկը չի շտապում ցավակվել, զորակցել նույն փութաջանությամբ, լսել հարազատներին նույն հոգատարությամբ՝ եթե անգամ համաձայն չեն նրանց հետ:
Որովհետեւ բանակի տոնի կապակցությամբ շռնդալից ձոներ ասող հայկական իշխող «վերնախավի» համար, հայ զինվորն իրականում էժան աշխատուժ է կամ կենացի հարմար թեմա, ոչ թե պետության եւ պետականության խորհրդանիշ: