Նեպալի երկրաշարժն անդրադարձել է երկրի 39 շրջանում 8 մլն մարդու կյանքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ին:
«Նախնական գնահատականներով՝ նրանցից մոտ 2 մլն-ն ապրում է առավել տուժած շրջաններում»,- նշել են ՄԱԿ-ում: Մայրաքաղաք Կատմանդուում կազմակերպվել է 21 վրանային ճամբար, որտեղ տուժածները կարող են անհրաժեշտ օգնություն ստանալ:
Կազմակերպության տվյալներով՝ տարածաշրջանում զգացվում է սննդամթերքի, խմելու ջրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս: Լցակայաններում նկատվում է վարորդների հերթ: Բացի դրանից, շատ բանկեր փակվել են այն պատճառով, որ մարդիկ չեն կարողանում բանկոմատներից գումարներ ստանալ:
Երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 4310-ի, ավելի քան 8 հազարը տուժել են:
IHS ընկերության փորձագետների նախնական գնահատականներով՝ Նեպալում վերականգնողական աշխատանքները կարժենան ավելի քան 5 մլրդ դոլար: