«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ապրիլի 24-ից հետո միջազգային հնչեղության առումով Հայաստանը Թուրքիայի նկատմամբ մեծ առավելություն ունի: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պարոն Սաֆարյանն ասաց, որ Թուրքիան հեղինակության առումով չափազանց մեծ վնաս կրեց: Ինչպես գիտենք, Թուրքիան շահագրգռված է Միջազգային պատմաբանների խմբի ստեղծմամբ, որոնք պետք է ուսումնասիրություն կատարեն՝ ինչքանով է կատարվածը համապատասխանություն «ցեղասպանություն» եզրույթին: Այսօր, սակայն, շատ պետությունների ղեկավարներ ուշադրություն չեն դարձնում Թուրքիայի նկրտումներին և 1915 թվականի ջարդերը որակում ենք հենց ցեղապանություն: Սա հանգեցնում է Թուրքիայի կատաղությանը: Թուրքիան այսօր զգում է` այն, ինչի վրա նա տարիներ շարունակ ջանքեր է գործադրել, փող է վատնել, դրան որևէ մեկը չի հավատում: Եթե այլ պետությունների ղեկավարներ անգամ խուսափում էին բարձրաձայնելուց, ապա այժմ Հայաստանի կողքին կանգնելով, Հայաստանի դիրքորոշումը պաշտպանելով, գրեթե ի ցույց են դնում, որ թուրքական քարոզչությունը տապալված է:
Մեր հարցին, թե, փաստորեն, այսօր ավելի շահեկան դիրքում Հայաստա՞նն է գտնվում, մեր զրուցակիցը համաձայնեց՝ հավելելով, որ պետք է հասկանանք՝ լարվածությունը և թշնամանքը խորացել են Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա կառավարելու խնդիր կա:
«Գերմանիայի նախագահը բավականին համարձակ քայլ է կատարել` իրերը կոչելով իրենց անունով, ինչ վերաբերում է Բունդեսթագի որոշման ձգձգմանը, իհարկե, կա քաղաքական պատճառ և, իհարկե, կա Թուրքիայի ազդեցությունը և թուրք-գերմանական հարաբերությունների խնդիրը, բայց, կարծես թե, Գերմանիան բավականին առաջ է գնացել այդ առումով: Եթե Հայաստանը ճիշտ աշխատի, ապա Բունդեսթագը կընդունի»,- նշեց Սաֆարյանը:
Խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի մասին, քաղաքագետը նկատեց. «Առանցքային է ԱՄՆ-ի տեսակետը, և դա որևէ մեկը չի կարող հերքել, շրջանցել: Դա է պատճառը, որ հայությունն այսքան մեծ ուշադրություն է դարձնում, թե ինչ բառ կօգտագործի Օբաման իր տարեկան ուղերձում: Միացյալ Նահանգների նախագահի տեքստը չափազանց կարևոր տեքստ է, այն իսկապես նկարագրում է եղելությունը, այն սահմանում է, թե ինչ բան է ցեղասպանությունը, պարզապես այդ բառը չի օգտագործում, որի պատճառով էլ ուղերձի բովանդակությունը մնում է ստվերում»:
Վերջինս նաև նկատում է, որ ապրիլի 24-ից անմիջապես հետո Թուրքիան իր վրա ճնշումները թուլացնելու համար օգտագործում է Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիան անուղղակի կխրախուսի լարվածության մեծացումը տարածաշրջանում: Բացի այդ, կօգտագործեն նաև մեր թույլ օղակները` Մերձավոր Արևելքում հայկական համայնքները, որտեղ իսլամական պետությունների վրա Թուրքիան ազդեցություն ունի: Պատահական չէր, որ դրանց հետո Հալեպում հայկական եկեղեցին պայթեցվեց. «Սա նույնպես ազդակ է, և պետք է կապել թուրքական կատաղության հետ: Դա հաջորդեց այն բանին, որ Կիլիկիո կաթողիկոսարանը հայց ներկայացեց Թուրքիայի սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկության նստավայրը ետ ստանալու պահանջով, հետևաբար, մենք ունենք բավականին ռիսկաշատ իրավիճակ, որտեղ մենք պետք է զգոն լինենք: Նկատի ունենանք նաև Թուրքիայում օրինական և ապօրինի ապրող մեր հայրենակցներին»: