Այսօր հայտնի դարձան «Յուքոմի» այն բաժանորդների անունները, ովքեր կմեկնեն Վիեննա՝ երկրպագելու «Genealogy» խմբին «Եվրատեսիլի» մրցույթում:
Մեկ ամիս շարունակ տևեց «Մեկնի՛ր Վիեննա «Genealogy»-ի հետ» «Յուքոմ» ընկերության կողմից հայտարարված մրցույթը, որի ընթացքում «Յուքոմի» բաժանորդները ֆիքսված հեռախոսակապից զանգահարում էին Եվրոպա և խոսում իրենց բարեկամների կամ ընկերների հետ՝ յուրաքանչյուր վայրկյանի դիմաց կուտակելով միավորներ: Ամեն շաբաթ ամփոփվում էին մրցույթի տվյալները, և առավելագույն միավորներ հավաքած հինգ բաժանորդներն անցան եզրափակիչ փուլ: Չորս շաբաթվա արդյունքներով եզրափակիչ փուլ անցել է 17 բաժանորդ:
«Յուքոմ» ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ մրցույթին մասնակցել են «Յուքոմ»-ի այն բաժանորդները, ովքեր օգտվում են «Յուքոմ»-ի ֆիքսված հեռախոսակապից: «Մրցույթի պայմանները շատ պարզ էին: Անհրաժեշտ էր միայն զանգեր կատարել «Յուքոմ»-ի հեռախոսակապով և կուտակել միավորներ: Մրցույթի գաղափարն էլ հենց այն էր, որ մեր բաժանորդները Եվրոպայում բնակվող իրենց հարազատներին հորդորեին հետևել «Եվրատեսիլին» և իրենց ձայնը տալ մեր մասնակիցներին»,- ասաց նա:
«Genealogy» խմբի հինգ անդամները վիճակահանության սկզբունքով ընտրեցին հինգ անուն, որոնցից երկու հաջողակները հնարավորություն կունենան հենց Վիեննայի Շտադհալե դահլիճից մասնացել «Եվրատեսիլ 2015» մրցույթին: Մյուս երեք բաժանորդները շահեցին ճանապարհորդություն դեպի Արևմտյան Հայաստան:
Վիճակահանությունից հետո մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու «Genealogy» խմբի անդամների հետ: Երգիչները զրուցեցին նաև լրագրողների հետ՝ ասելով, որ շարունակում են փորձերը: «Մեզ համար անչափ կարևոր է, որ պատվով ներկայանանք: Դրա համար այսօր էլ շարունակում ենք փորձերը, շատ-շատ զբաղված ենք: Ցանկանում ենք զարմացնել ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական հեռուստադիտողին և հասցնենք մեր գաղափարը նրանց»,- ասաց Ինգա Արշակյանը: