Նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտնել է Ֆլորիդայի նահանգում WPEC-TV հեռուստաալիքի եթերում: 2016 թվականի ընտրություններում նա հույս ունի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը:
«Ես հայտարարում եմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,- հայտարարել է 65-ամյա բժիշկը, որը թոշակի է անցել: «Շատերն էին ինձ խորհուրդ տալիս առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, չնայած այն բանին, որ ես քաղաքական գործիչ չեմ»,- հավելել է նա:
Ինչպես սպասվում է, Քարսոնն իր ընտրարշավի սկսվելու մասին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին Դեթրոյթում:
Հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց որոշման վերաբերյալ արդեն հայտարարել են սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը: Սպասվում է, որ այդ կուսակցությունից ընտրություններին կարող են մասնակցել նաև Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Լինդսի Գրեմը և Մարկո Ռուբիոն:
Դեմոկրատական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են անկուսակցական սոցիալիստ սենատոր Բեռնի Սանդերսը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Լուսանկարը' Reuters-ի