«Պատանի երկրապահ» ակումբների սաներ՝ Անահիտ Այդինյանը, Արթուր Շախկյանը, Էմին Ասատրյանը, Արամ Գրիգորյանը և Մարիամ Խաչատրյան հայտարարություն են տարածել մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին, թե հայրենասիրական դասընթացներ անցնող աշակերտները բողոքում են, որ իրենց ծանրաբեռնում են հանգստյան օրերին: Սաների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Զզվանք ենք արտահայտում այն փաստի կապակցությամբ, թե որքան են մեր երկրում լկտիացել ծախու գրչակները: Խոսքը կոնկրետ դեպքում դեղին մամուլում հրապարակված այն ստահոդ տեղեկության մասին է, թե իբր հայրենասիրական դասընթացներ անցնող աշակերտները բողոքում են, որ իրենց ծանրաբեռնում են հանգստյան օրերին:
Մենք այս ակումբներում ինքնակամ ենք ընդգրկվում՝ մեր ծնողների դիմումների հիման վրա: «Պատանի երկրապահ»-ում սովորում ենք տարբեր հմտություններ, ձեռք ենք բերում գիտելիքներ, որոնց համար այլ պարագայում պետք է վճարեինք: Անչափ գոհ ու շնորհակալ ենք ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանին, որ այսպիսի հայրենասիրական գործ է ձեռնարկել և մեզ զարգանալու, կայանալու հնարավորություն է տալիս:
Գոհ ու շնորհակալ ենք Երկրապահից, պաշտպանության և կրթության նախարարություններից: Խորհուրդ ենք տալիս ավել-պակաս խոսողներն՝ գործով զբաղվել: Դուք, որ երբևէ որևէ օգտակար բանով չեք զբաղվել, ինչպե՞ս եք փորձում արատավորել հայրենասիրական մեծ ծավալի աշխատանքը, որ կատարվում է:
Հարգարժա՛ն մեծեր, մի՛ խանգարեք մեզ սովորել, կրթվել, բազմակողմանի զարգացած մարդ, հայ մարդ դառնալ, պիտանի լինել մեր ընտանիքներին, մեր պետությանն ու ազգին: Միևնույն է՝ մենք զորավար Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ հաջողությամբ ավարտելու ենք բոլոր մեր ծրագրերը»: