Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 6-ին Նահատակների օրվա առիթով իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահը նշել է հարյուր տարի առաջ օսմանցիների հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են սիրիացի ազգայնականների նկատմամբ՝ ավելացնելով, որ դրանով օսմանցիների հանցագործությունները չեն սահմանափակվել, այլ տարածվել են՝ ընդգրկելով միլիոնավոր հայերի, ասորիների, ովքեր այն ժամանակ բնակվել են Օսմանյան իշխանության տակ: «Այսօր կրկնվում են այդ հանցագործությունները նույն կերպ, սակայն տարբեր անուններով ու գործիքներով»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ հարյուր տարի առաջ դահիճը Ջեմալ Փաշան էր, իսկ այսօր՝ Էրդողանը:

 

 

Ասադի խոսքով Ջեմալ փաշայի հետևորդը Էրդողանն է, ով աջակցում է Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք տարբեր հանցագործություններ են իրականցնում Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նախագահը վստահորեն շեշտել է, որ սիրիական բանակը կհաղթի պատերազմում: Նա խոստացել է ամրապնդել ուժերը Իդլիբի նահանգում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Ջեյշ ալ ֆաթհ» ծայրահեղական խմբավորման միջև:

 

 

Նահատակների օրվա առիթով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այցելել է ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների զավակները:

 

 

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցություն էր բերել սիրիական պատվիրակությունը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի գլխավորությամբ: