ԱՄՆ-ը հանգուցային շահեր ունի Մերձավոր Արևելքում, իսկ Իրանն զբաղվում է իր հարևան երկրների իրադրության ապակայունացմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
«Ինչպես երկու տարի առաջ ես ասացի ՄԱԿ-ում, ԱՄՆ-ը հանգուցային շահեր ունի Մերձավոր Արևելքում, ներառյալ արտաքին ագրեսիայի հակազդումը, էներգիայի ազատ հոսքի երաշխիքների տրամադրումը և առևտրի ապահովումը, միջազգային ջրերում նավարկության ազատությունը»,- հայտարարել է Օբաման «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Պատասխանելով թերթի այն հարցին, թե գոյություն ունեն արդյոք մտահոգություններ Սիրիայում և Եմենում իրադրության զարգացման գործընթացում Իրանի դերի կապակցությամբ, Օբաման հայտարարել է. «Իրանը բացահայտորեն վտանգավոր և ապակայունացնող քայլեր է անում տարածաշրջանի տարբեր երկրների նկատմամբ: Իրանն ահաբեկչության հովանավոր է: Ուստի տարածաշրջանի երկրներն իրավացի են այն բանում, որ խորապես անհանգստացած են Իրանի գործողություններից, հատկապես մյուս ազգերի սահմանների տարածքում նրա կողմից դաժան «խամաճիկներին» աջակցելուց»:
Ըստ որում, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, նույնիսկ իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հասնելու դեպքում, քանի որ «Իրանի պահվածքն անխոհեմ է»: