500 մասնակից' 52 ազգային, 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, 20 կրթության նախարարներ. Երևանում մեկնարկում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-15-ն անցկացվող միջոցառումներին մասնակցում ենԲոլոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները:

 

Համաեվրոպական նշանակություն ունեցող միջոցառումը լուսաբանում են ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան լրատվամիջոցները:

 

Այս երկու օրերին կկայացվեն կրթության ոլորտի համար նշանակալից որոշումներ, կքննարկվեն տարատեսակ հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ավելի վաղ վստահեցրել էր՝ մեր երկիրն արել է հնարավորը՝ լավագույնս հյուրընկալելու միջոցառումների մասնակիցներին:

 

Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում' ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են' եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: