Երևանում շարունակվում են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որոնք կամփոփվեն Երևանի կոմյունիկեի ընդունմամբ:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-15-ն անցկացվող միջոցառումներին մասնակցում են Բոլոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները: Երկու խոշոր միջոցառումները ներառում են 500 մասնակից, 52 ազգային, 31 միջազգային կազմակերպության պատվիրակություններ, 20 կրթության նախարար: Արդեն ընդունվել են կարևոր որոշումներ: Բելառուսի Հանրապետությունը մայիսի 14-ին դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ:

 

Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են' եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: