Շվեդիայի Ձախերի կուսակցությունը նախաձեռնություն է սկսել Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութերը դպրոցական դասագրքերում ներառելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Horizon Weekly-ն, այս մասին հայտնել է Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հանս Լինթը:

 

 

Նա տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը նախաձեռնել է աշխատանքներ երկրի դպրոցական դասագրքերում 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների և պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութեր ներառելու վերաբերյալ: Լինթը նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածն ընդունել և դրա մասին իրազեկել հասարակության լայն զանգվածների:

 

 

Պատգամավորը նաև կոչ է արել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերջ դնել Ցեղասպանության զոհ դարձածների հարազատներին վիրավորելու քաղաքականությանը և ընդունել 100 տարի առաջ գործած ոճրագործությունը: